Ժողովրդագրական խնդրի տեխնոլոգիական լուծումը. ի՞նչ է ցույց տալիս հետազոտությունը
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոչ ստանդարտ լուծումներ է առաջարկում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կողմից վերջերս իրականացված հետազոտությունը: Ժողովրդագրական առկա վիճակը կրիտիկական որակելով ՝ հեղինակները կառավարությանն առաջարկում են վերանայել տնտեսության տեխնոլոգիական զարգացման քաղաքականությունը: Նրանք ուղիղ կապ են տեսնում ժողովրդագրական իրավիճակի բարելավման և տեխնոլոգիական զարգացման մեջ:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետազոտական խումբը Հայաստանում ժողովրդագրական վիճակը կրիտիկական է գնահատում՝ շեշտադրելով հայտնի ցուցանիշները ՝ արտագաղթի վտանգավոր աստիճան, բնական վերարտադրության մտահոգիչ տեմպեր: Հետազոտության հեղինակներից Գագիկ Հարությունյանը նշում է, որ մտահոգիչը որ միայն բնակչության թվի նվազումն է, այլ նաև՝ բնակչության կազմի փոփոխությունը:
«Եթե երկրորդ հանրապետությունում կար մոտ 1 մլն մարդ, որոնք զբաղվում էին բարդ աշխատանքներով ՝ սկած խառատից վերջացրած ակադեմիկոսներով, այսօր այդ թիվը մոտ 10 անգամ նվազել է: Մոտ 6 անգամ նվազել է նաև գիտնականների թիվը՝ 30 հազարից դառնալով 5-6 հազար»:
Հետազոտության հեղինակները ուղիղ կապ են տեսնում ժողովրդագրական իրավիճակի բարելավման և տեխնոլոգիական զարգացման միջև: Նրանց կարծիքով՝ ժողովրդագրական խնդիրների լուծումը պահանջում է շեշտադրել մտավոր ռեսուրսների զարգացումը: Տրամաբանությունը հետևյալն է՝ մտավոր ռեսուրսների զարգացումը պայմանավորում է տնտեսական տնտեսական զարգացումը, որն էլ՝ իր հերթին ժողովրդագրական ցուցանիշների բարելավման: «Մենք կարծում ենք, որ ժողովրդագրական խնդիրների լուծման միակ ճանապարհը տեխնոլոգիաների զարգացումն է»:
Որ պետք է զարգացնել տեխնոլոգիաների ոլորտը, նոր առաջարկ չէ, նոր է առաջարկի այն մասը, որ հեղինակները դրանց զարգացմամբ են հնարավոր համարում ժողովրդագրական խնդիրների լուծումը: Սա, ըստ Հարությունյանի, չի նշանակում մերժել ժողովրդագրության բարելավման ավանդական եղանակները՝ ծնելիության խթանում, կյանքի տևողության ավելացում, սոցիալական ծառայությունների բարելավում:
Սրանք , հեղինակների կարծիքով, չեն վերացնում արտագաղթի պատճառները: «Դրա համար մենք առաջարկեցինք տեխնոլոգիական զարգացման կոնցեպտ, որը երեք բաղադրիչով ենք պատկերացնում՝ նյութական, ոչ նյութական և հումանիտար տեխնոլոգիաներ»:
Որպեսզի այս առաջարկները որպես մերկապարանոց հայտարարություններ չհնչեն, ուսումնասիրության հեղինակները ներկայացրել են գիտական հիմնավորումներ, բազմաթիվ թվեր ու փաստեր, նաև բիզնես նախագծեր: Հետազոոտության հեղինակներից Սերգեյ Մանուկյանի գնահատմամբ՝ գիտահետազոտական ոլորտի վերաբերյալ վիճակագրական տվյալները բավական մտահոգիչ են և այս ոլորտն ունի ոչ ստանդարտ բարեփոխումների կարիք։ Միջազգային փորձը վկայում է, որ տեխնոլոգիապես զարգացած երկրներում աշխտաողների 15-20 տոկոսը ներգարվված է գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Մտավոր պոտենցիալի օգտագործման առումով հայաստանյան պատկերը, ըստ փորձագետի, ոգևորող չէ։ « Երբ մենք համեմատում ենք գիտական պոտենցիալի գործարկված լիենլը Հայաստանում և Ադրբեջանում, պարզվում է, որ մենք արդեն զիջում ենք: Խոսքը ոչ թե բացարձակ, այլ հարաբերական թվերի մասին է: 1000 բնակչի հաշվով գիտությամբ և տեխնոլոգիաներոզ զբաղվող մարդկանց քանակը Ադրբեջանում 2.5 է, Հայաստանում՝ 1.6-1.7»:
Հետազոտությունն իրականացվել է կառավարության, մասնավորապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ: Հեղինակներն ասում են, որ իրենց առաջարկներն ընդունվել են մեծ հետաքրքրությամբ: Թե ինչ ընթացք կստանան, առայժմ պարզ չէ:
Հարց հնչեց, թե որպես արտագաղթի վրա ազդող գործոնները չե՞ն դիտարկվել արդյոք այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արդարության, ազատ մրցակցության պակասը, կոռուպցիայի առկայությունը: Գագիկ Հարությունյանի կարծիքով ՝ մտավոր պոտենցիալի զարգացումը օգնում է նաև այս խնդիրների լուծմանը:
Մեկ այլ հարց նույնպես հնչեց . տարիներ շարունակ ՏՏ ոլորտը կառավարության կողմից որպես գերակայությույն է ներկայացվում , ի՞նչ նոր բան են առաջարկում անել այս ոլորտում, կամ ի՞նչը մինչև հիմա այնպես չի արվել, որ առաջարկում են փոխել: Սերգեյ Մանուկյանն ասում է, որ ոլորտում մոտեցումների փոփոխության խնդիր կա: Շեշտադրումը, ըստ նրանց, ոչ նյութական կամ ծրագրային ոլորտից պետք է տեղափոխվի տեխնոլոգիաների նյութական ոլորտ:
Ի՞նչ է սա տալու. Սերգեյ Մանուկյանը բացատրում է. «Ուշադրության կենտրոնում պետք է այնպիսի ոլորտներ լինել, ինչպիսիք են քիմիան, կենսաբանությունը, լազերային ֆիզիկան, ռադոֆիզիկան, որտեղ ոչ թե վիրտուալ՝ այսինքն ծրագրային արդյունք է ստեղծվում, այլ՝ շոշոփելի արդյունք»: