Քաղաքական

Շուշիի ազատագրմամբ հոգեւոր-բարոյականին փոխարինեցին ֆիզիկական հաղթանակները

karenghazaryan

Ե՛ւ Հայրենական մեծ պատերազմը, ե՛ւ Շուշիի ազատագրումը ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար վճռական նշանակություն են ունեցել: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալով, մասնավորապես, Հայրենական պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը՝ պատմաբան Գեւորք Մելքոնյանը նշել է, որ ֆաշիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում հայ ժողովրդին կսպառնար 2-րդ ցեղասպանություն։

Կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են՝ ֆաշիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում հայ ժողովրդին կսպառնար 20-րդ դարի երկրորդ ցեղասպանությունը: Պատմաբան Գեւորգ Մելքոնյանի գնահատմամբ՝ հայ ժողովրդի մասնակցությունը Մեծ հայրենականին հենց այս տեսանկյունից է պետք արժեւորել. մեծ ձեռքբերում էր եւ հպարտանալու առիթ: «Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է 600 հազարից ավելի հայորդի: Միայն 300 հազարը՝ խորհրդային Հայաստանից: Ցեղասպանությունից տասնամյակներ անց փոքր բնակչությամբ Խորհրդային Հայաստանը կովկասյան երկրների մեջ ունեցավ ամենամեծ մասնակցությունը եւ ներդրումը»։

Խորհրդային Միության հերոսների, գեներալների ու մարշալների քանակով էլ հայությունը 4-րդ տեղում է: Պատմաբան Գեւորգ Մելքոնյանի խոսքով՝ հպարտանալու առիթ է, երբ ընդամենը տասնամյակներ առաջ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը կարողացավ մեծ ներդրում ունենալ ֆաշիզմի դեմ պայքարում: «Հայ ժողովրդի մասնակցությունը հիմնականում պայմանավորված էր նաեւ Թուրքիայի սպառնալիքներով»։

Պատմաբանը կարծում է, որ հայության մասնակցությունը Մեծ հայրենականին հենց այդ տեսանկյունից պետք է արժեւորել: Անդրադառնալով Շուշիին՝ պատմաբանը նշեց, որ հինավուրց հայկական քաղաքի ազատագրմամբ արդարորեն շտկվեց պատմությունը: Գեւորգ Մելքոնյանը նկատեց, որ համաշխարհային բեմահարթակներում մենք խնդիր ունենք հենց այդ հանգամանքը ներկայացնելու հետ, քանի որ ամբողջ միջազգային պատմագիտական գրականությունում Շուշին ներկայացվում է իբրեւ ադրբեջանական մշակույթի կենտրոն:

Շուշիի ազատագրմամբ հոգեւոր-բարոյական հաղթանակների վերջը դրվեց եւ սկսվեցին ֆիզիկական հաղթանակները: Այս խորհուրդն ունի Շուշիի ազատագրումը ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի համար: Նա հրաշք է համարում անառիկ բերդի՝ փոքրաթիվ ուժերով եւ փորձնական հարձակմամբ ազատագրումը, ինչը անբացատրելի է անգամ միջազգային ռազմագիտության տեսանկյունից։ «Շուշին բերեց մեծ ազգային վերելքի  եւ ազգային արժանապատվության գերհզոր միավորում: Հաղթանակները լինում էին, որովհետեւ միահամուռ կերպով խփում էինք մեկ մեխի: Միաձուլված միախմբումը բերեց ե՛ւ Շուշվա հաղթանակը, ե՛ւ հետագա հաղթանակները»:

Ազատամարտիկը ցավով նշեց, որ Շուշիի եւ հետագա հաղթանակների բերած միասնական ոգին անցած տարիներին մաշվել է՝ սոցիալ-տնտեսական բեռի տակ: Արա Խուդավերդյանի խոսքով՝ պետք է լրջորեն մտածել այդ ամենի մասին. Չէ՞ որ մատաղ սերունդն է ականատես լինում այն սոցիալական ծանր պայմաններին, որում գտնվում են շատ ազատամարտիկներ:

Back to top button