ԼՂՀ խորհրարանական ընտրությունները` քայլ առաջ
ԼՂՀ խորհրարանական ընտրությունները կայացան բավականին բարձր մակարդակով եւ ապահովեցին քայլ առաջ: ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին է լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադարձել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը: «Ինչ կարգի հայտարարություններով էլ հանդես գան միջազգային կառույցները՝ ընդհանրապես, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ մասնավորապես, միանշանակ է, որ նրանք պիտի որպես փաստ ընդունեն այն, որ ԼՂՀ-ում կա ժողովրդավարության բավականին բարձր աստիճան, կան լեգիտիմ ընտրված իշխանություններ ու պետական կառույցներ, որոնք աշխատում են իրենց ողջ ծավալով եւ այս փաստի հետ հաշվի չնստել հնարավոր չէ»,-շեշտել է վերլուծաբանը: Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ այսօր նկատել է, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բոլոր կարծիքները դրական են, այդ թվում՝ նաեւ միջազգային դիտորդների:
ԼՂՀ խորհրդարանական այս ընտրությունները տարբերվեցին նախորդներից քաղաքական նոր դիմագծով՝ ձեւակերպեց հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ նկատի ունենալով ընդդիմադիր եւ իշխանական 7 կուսակցությունների բավականին մրցակցային մասնակցությունը: Նրա համոզմամբ՝ ընտրությունների քաղաքական այդ նոր դիմագիծը. «Կզարգացնի ժողովրդավարությունը Արցախում եւ նոր զարգացումների կբերի»:
Ինչպե՞ս կանդրադառնան ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները բանակցությունների վրա: Վերլուծաբան Կարեն Բեքարյանի ձեւակերպմամբ՝ ընտրություններն առաջին տպավորությամբ բանակցային սեղանի վրա կանդրադառնան «ֆոնային» կերպով, սակայն, իրականության մեջ՝ չանդրադառնալ չեն կարող:
«Այսինքն, հնարավոր չէ այս պարագայում չընկալել եւ չպատկերացնել, որ եթե մենք, միջնորդները, բոլորս ուզում ենք հակամարտության կարգավորում՝ երկարաժամկետ եւ կայուն, դա հնարավոր չէ անել առանց ԼՂՀ-ի օրինական ներկայացուցիչների լիարժեք մասնակցության ու ներգրավման այս գործընթացին»:
Սա բոլորի համար դարձավ եւս մեկ անգամ ամրագրվող բավականին էական փաստ ու հանգամանք՝ հավելեց քաղաքագետը: Վերլուծաբանը նկատեց նաեւ, որ եթե տնտեսական, սոցիալական հարցերում ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի մոտ կային տարբերություններ, ապա արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ մոտեցումները նույնական էին: Կարեն Բեքարյանը կարծում է, որ ընտրությունները կբերեն իրենց ազդեցությունը սպասվող գործընթացների վրա: Վերլուծաբանը նաեւ շեշտեց, որ երբեք համեմատելու եզրեր պետք չէ գտնել Ադրբեջանի եւ ԼՂՀ ընտրությունների միջեւ, քանի որ վաղուց ԼՂՀ-ն այդ համեմատության շրջանակից դուրս է:
«Այն, որ բոլոր նորմերով առաջ ենք, դա պետք է դիտարկել ոչ թե որպես հաղթանակ, այլ՝ որպես բնական երեւույթ, իսկ համեմատման համար շատ ավելի լավ հնարավոր տարբերակներ կան, երկրներ կան: Ես կարծում եմ, որ այս ընտրություններից հետո, մենք կարող ենք մեզ համար արդեն նաեւ ամրագրել, որ մեզ պատիվ չի բերում ԼՂՀ-ն համեմատել Ադրբեջանի հետ»:
Անդրադառնալով ԼՂՀ ընտրություններին եղած արձագանքին՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի եւ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունները որոշակիորեն համահունչ էին իրար՝ հարգանք կամարտահայտման նկատմամբ եւ որ ընտրությունների արդյունքները չպետք է ազդեն վերջնական կարգավիճակի որոշման խնդրի վրա: Մասնավորապես ԵԱՀԿ հայտարարության մեջ, ըստ Կարեն Բեքարյանի, որոշակի տարբերություն կար՝ նախորդների համեմատ:
«Գրեթե հստակ ձեւակերպված է Մադրիդյան սկզբունքների այն թեզը, որ ԼՂՀ-ի հանրությունը, իր պարտադիր հաշվի առնվող կամարտահայտմամբ, կարող է որոշել իր ճակատագիրը: Այսինքն՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման էլեմենտը մենք տեսնում ենք այդ հայտարարության մեջ»:
Քաղաքագետի գնահատմամբ՝ բավականին զուսպ էին միջազգային մամուլի արձագանքները եւ կարեւոր է, որ դրանցում զգալի տեղ է հատկացվել դիտորդների գնահատականներին, որոնք դրական են, ինչը կունենա նաեւ հետագիծ: Վերլուծաբան Կարեն Բեքարյանի կարծիքով, այնուամենայնիվ, հայկական դիվանագիտությունն ունի բավականին անելիք՝ պետք է ավելացվի նախաձեռնողականությունը, ինչը ամրագրել են նաեւ ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերը: