Հասարակություն

Տնտեսական գիտելիքներով փայլում են Շիրակի ու Կոտայքի աշակերտները

lianaeghiazaryan

Այսօր ամփոփվել են ՀՀ կենտրոնական բանկի եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անցկացվող «Brain Ring» դպրոցական ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի արդյունքները: Կազմակերպիչներն այսօր պարգեւատրել են եզրափակիչ փուլ անցած եւ առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին եւ ուշագրավ դիտարկումներ արել, թե որ մարզերի աշակերտներն են ավանդաբար փայլում տնտեսագիտական իրենց գիտելիքներով:

«Brain Ring»- ն ամենամյա մրցույթների շարք է, որի նպատակը հանրապետության ավագ դպրոցներում աշակերտների տնտեսագիտական գիտելիքների եւ հմտությունների խորացմանը, արագ եւ ճկուն մտածելու կարողությունների զարգացմանը նպաստելն է: Արդեն վեցերորդ տարին է` այն անցկացվում է Կենտրոնական բանկի, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ նախաձեռնությամբ:

Հանրապետության ավագ դպրոցներում տնտեսագիտությունը ուսուցանվող առարկաներից է: Արդյո՞ք հանրակրթական դպրոցներն ապահովում են ուսման այն բավարար մակարդակը, որպեսզի աշակերտները կարողանան առաջատար դիրքեր գրավել ֆինանսատնտեսագիտական մրցույթում: Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանի դիտարկմամբ՝ «Այո, տալիս են: Մրցույթի հարցերն ընտրվում են դպրոցական ծրագրի շրջանակներում, այդպես է արվում, որպեսզի հավասար, արդար պայ,մաններ ստեղծվեն մրցակցող աշակերտների համար»։

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը մանրամասնում է, որ ամեն տարի իրենք առանձին տնտեսագիտական ուղղվածության ուսումնական միջոցառումներ են անցկացնում 100 դպրոցներում: Հենց այդ դպրոցներն էլ մասնակցում են մրցույթին նախ մարզային մակարդակով, ապա արդեն եզրափակիչ փուլին:

Ի՞նչն է ի վերջո մրցույթի հիմնական նպատակը. ներկայացնում է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը. «Նպատակը ոչ այնքան փայլուն գիտելիքներ տալն է,  այլ վաղվա համար գրագետ սպառող պատրաստելը»:

Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը նկատում է, որ ավանդաբար ամենաբարձր առաջադիմությամբ աչքի են ընկնում Գեղարքունիքի եւ Շիրակի թիմերը: Շիրակի թիմն այս անգամ էլ առաջատար է` մեկ քայլ առաջ կանգնելով Կոտայքից:

Մրցույթի ընթացքում Կենտրոնական բանկը թիմերին առաջադրել է տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ, նաեւ տեսական հարցեր: Մրցակցող թիմերի պատասխանները գնահատելիս ժյուրին կարեւորել է նորարարական մտածողությունը եւ թիմային աշխատանքը: Իսկ երիտասարդ սերնդի մտածողությունը տարիների հետ ավելի նորարարական է դառնում, նկատում է Արմինե Հովհաննիսյանը, ում ղեկավարած կազմակերպությունն այսպիսի մրցույթներ կազմակերպում է արդեն 20 տարուց ավելի։

Back to top button