Քաղաքական

Այսօր Արցախում խորհրդարանական ընտրություններ են

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր առավոտյան ժամը ութին Արցախում՝ 279տեղամասերում, որոնցից մեկը գործում է Երևանում՝ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում, մեկնարկեցին ԼՂՀ ԱԺ ընտրությունների քվարկությունը։ Ընտրություններին հետևում են ավելի քան 100 դիտորդներ արտերկրից:   Օտարերկրյա պետական  և միջազգային մի շարք կառույցներ սակայն միանշանակ չեն արտահայտվել այս ընտրությունների կապակցությամբ,  ինչին Արցախից արձագանքել են,  թե խորհրդարան ըննտրում են ոչ թե օտարների,  այլ իրենց համար:

Այսօր արցախյան ընտրությունների արդյուննքերի՝ օտարների կողմից ճանաչել-չճանաչելու վերաբերյալ հայտարարություններին արձագանքել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:  Նախագահի խոսքով՝՝ընտրությունները նախատեսվել են քաղաքակիրթ աշխարհի կողմից հռչակած կանոնների համաձայն,   եւ եթե միջազգային հանրությունը դրանց արդյունքները չի ճանաչում, դա դեռ չի նշանակում,  որ Արցախում ևս չեն կարեւորում դրանք:

Բակո Սահակյանը տիկնոջ հետ քվերակել է օրվա առաջին կեսին Ստեփանակերտի թիվ  3  ընտրատարածքի 3-րդ ընտրատեղամասում:

2015  թվականի  խորհրդարանական ընտրություններն Արցախի համար շրջադարձային են այն առումով,  որ նորընտիր խորհրդարանն աշխատելու է մշտական հիմունքներով:  Խորհրդարանի անդամների թիվը չի փոխվելու: ԼՂՀ  Աժ-ն ունենալու է 33 պատգամավոր,  սակայն փոխվելու է կուսակցական մանդատների թիվը. 22  պատգամավոր խորհրդարան է անցնելու համամասնական ընտրակարգով: Այդ մանդատների համար պայքարում է 7 կուսակցություն, իսկ 11 մեծամասնական մանդատները վիճարկում են  42 թեկնածուներ:

Առավոտյան Ստեփանակերտի տարբեր ընտրատեղամասերում քվեարկել են նաև գործող խորհրդարանի և  կառավարության ղեկավարները: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և  վարչապետ Արա Հարությունյանն այս ընտրություններում մրցակիցներ են և  գլխավորում են Արցախի ժողովրդավարական և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ցուցակները: Մյուս իշխանական կուսակցության՝ ՀՅԴ ներկայացուցիչ Վահրամ Բալայանը նշում է, որ ապագա խորհրդարանում իրենք, հավանաբար, ավելի մեծ թիվ կկազմեն։ Կոմկուսի առաջնորդ Հրանտ Մելքումյանն ապագա խորհրդարանի մասին խոսելը վաղ է համարում: Քաղաքական դաշտի նորեկի՝ «Խաղաղություն և զարգացում»  կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Գաբրիելյանը կարծում է,  որ իրենց ցուցակի առաջին երեք թեկնածուները կշահեն ընտրողի վստահությունը՝ անձնական որակների շնորհիվ։

Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն վաղը։

Back to top button