Հայաստանը «ոչ ազատ» եւ «մասամբ ազատ» երկրների սահմանագծին


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կիսում է Freedom house իրավապաշտպան կազմակերպության՝ Հայաստանին վերաբերող գնահատականները: Ըստ նրա՝ սանդղակում Հայաստանի դիրքը արտացոլում է իրական վիճակը՝ ոչ առաջընթաց, ոչ էլ հետընթաց: Freedom house-ը, հիշեցնենք, օրերս հրապարակել է «Մամուլի ազատություն-2015» զեկույցը, որում Հայաստանը նախորդ տարվա համեմատ 1 կետով բարելավել է իր գործակիցը՝ հայտնվելով «ոչ ազատ» և «մասամբ ազատ» խմբերի սահմանագծին:
Մամուլի ազատության ցուցանիշով մեծ տարբերություն նախորդ և այս տարվա իրավիճակների միջև չկա, ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Սա, ըստ նրա, փաստում է նաև Freedom house-ի կողմից օրերս հրապարակված զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը 2014-ին մեկ կետով է բարելավել իր դիրքերը: Նշենք, որ զեկույցում ներառված 199 երկրներին միավորներ տրվում են՝ քաղաքական, իրավական, տնտեսական միջավայրերի հիման վրա:
«0-30 միջակայքում ազատ մամուլ ունեցող երկրներն են, 30-60-ում՝ կիսաազատ, իսկ 60-100-ում ՝ ոչ ազատները: Հայաստանն ունի 61միավոր, այսինքն ՝ ոչ ազատների խմբում է, բայց ՝ երկու խմբերի սահմանագծին: Շատ քիչ է մնացել, որ հատենք սահմանգիծը: Բավական է կորցնել ևս 1 բալ, և մենք կհայտնվենք 3-րդ խմբում»:
Ընդհանրապես՝ Freedom house-ի այս զեկույցն արձանագրում է, որ 2014թ. աշխարհում մամուլի ազատության վիճակը լրջորեն վատթարացել է: Նշվում է, որ ցուցանիշը հասել է վերջին ավելի քան տասը տարիների ամենացածր կետին: Ըստ հեղինակների՝ բացասական գործընթացներն արագացել են, և այսօր երկրագնդի բնակչության միայն 14%-ն է ապրում պետություններում, որտեղ քաղաքական լուրերի լուսաբանումը հուսալի է, լրագրողների անվտանգությունը երաշխավորված, լրատվամիջոցների աշխատանքին պետության միջամտությունը նվազագույն է, և մամուլը չի ենթարկվում իրավական կամ տնտեսական ծանր ճնշումների:
Զեկույցում դիտարկված 199 պետություններից և տարածքներից ընդհանուր 63 երկիր մամուլի ազատության տեսնակյունից գնահատվել է ազատ, 71-ը` մասամբ ազատ և 65-ը` ոչ ազատ:
Ցուցակի առաջին եռյակում են Նորվեգիա, Շվեդիան ու Բելգիան, վերջինում՝ Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Հյուսիսային Կորեան:
Վերադառնալով հայաստանյան իրավիճակին՝ Աշոտ Մելիքյանը նկատում է, որ օրինակ օրենսդրական դաշտում իրավիճակը փոխելուն միտված որևէ պրոգրեսիվ քայլ չի արվել, փոխարենը՝ եղել են ռեգրեսիվ միջամտությունների փորձեր: «Օրինակ, տխրահռչակ ֆեյքերի մասին օրինագիծը, որը բարեբախտաբար չանցավ և չանցավ հենց լրագրողական հանրության ճնշման ներքո»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի գնահատմամբ՝ մտահոգիւչ հարցերից մեկը մնում է այն, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերով մեղադրվողներից որևէ մեկն առայժմ պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ 2014-ին կոմիտեն 9 նման դեպք է արձանագրել: