Հասարակություն

Բրուցելոզի տարածում կա, կարանտինի կարիք՝ ոչ

lianaeghiazaryan

Հայաստանում խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների շրջանում բրուցելոզի բռնկում կա, կան նաեւ վարակված մարդիկ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգել է Սննդի անվտանգության պետական  ծառայության  անասնաբուժության  տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը։ Նա միաժամանակ շեշտել է, որ կարանտին հայտարարելու կարիք չկա, քանի որ անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում։

Սննդի անվտանգության պետական ծառայությունն այս պահի դրությամբ Հայաստանում գրանցել է բրուցելոզ հիվանդության 644 դեպք խոշոր եղջերավոր կենդանիների և 285 դեպք` մանր եղջերավորների շրջանում: Թվերը վերջնական չեն, ամեն րոպե կարող են ավելանալ:

Բայց Սննդի անվտանգության պետական ծառայությունում դա կարանտին հայտարարելու հիմք դեռ չեն համարում` մեկնաբանելով, որ այժմ իրականացվում ենք անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ:

Սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը մանրամասնում է` ընթացքի մեջ  են գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքները: 2009 թվականից Հայաստանում իրականացվում է 9 տեսակի պատվաստում  տարբեր հիվանդությունների դեմ:

Լրագրողները ՍԱՊԾ ներկայացուցչից  հետաքրքրվեցին, թե ինչն էր պատճառը, որ, օրինակ, Սյունիքում բրոցելոզի հայտնաբերմանը հասարակական կազմակերպությունները ավելի վաղ էին արձագանքել, քան պետական տեսչությունը: Հովհաննես Մկրտչյանը պատասխանեց, թե իրենք ունեն փաստեր, որ իրենք ՀԿ-ի հետ նույն օրն են տեղեկացել դեպքի մասին և իսկույն արձագանքել են:

Թե որտեղից է բռնկվել հիվանդությունը, գրեթե անհնարին է պարզել: Այն սպանդանոցը, որտեղ գրանցվել է հիվանդ կենդանու մորթի դեպք, ներկայացնում է մորթման բերված կենդանիների առողջ լինելու մասին տեղեկանքներ: Փաստաթղթերով բոլոր կենդանիները սանիտարական սպանդի են ենթարկվել, իսկ մինչ այդ՝ մարզում հիվանդ կենդանի չի գրանցվել: Բայց պարզից էլ պարզ է ` անվտանգության նորմերը խախտվել են, հայտարարում է Հովհաննես Մկրտչյանը:

Բայց, ի վերջո, ո՞վ է մեղավոր: Լրագրողների հարցը Հովհաննես Մկրտչյանին էլ է հետաքրքրում: Բայց նա էլ լրագրողների պես պատասխանի է սպասում: Ապրիլի 9-ից քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Մեղավորները կպատժվեն, խոստանում է նա ու համարում, որ սա կարող է նպաստել հետագայում նման դեպքերի չկրկնմանը:

Բայց փաստը մեկն է` այսօր Կապանի հիվանդանոցում բրուցելոզից բուժվում է վարակված 6 մարդ: Իսկ մինչ հարցերը կգտնեն իրենց  պատասխանները, Հովհաննես Մկրտչյանը հիշեցնում է` բրուցելոզը վարակիչ հիվանդություն է։

Կարդացեք նաև

Back to top button