Հասարակություն

Լեգենդար «Քրոնոս»-ը Երևանում եզակի համերգ կունենա

sonahakobyan
«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում վաղը երեկոյան ամերիկյան լեգենդար «Քրոնոս» քառյակը Երևանում եզակի համերգ կունենա: Ի դեպ՝ փառատոնի այս տարվա համերգները նվիրվում են ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսօր էլ լրագրողների հետ հանդիպմանը քառյակի անդամները ժամանել են փոքր ինչ ուշացումով: Նրանք գալիս էին Հայոց ցեղասպանության հուշահամալիրից: Փառատոնն անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, Մշակույթի նախարարության և Քաղաքապետարանի աջակցությամբ, ինչպես նաև Հայկական Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ղեկավարմամբ:

Վաղը երեկոյան լեգենդար  «Քրոնոս» քառյակը հանդես կգա բացառիկ համերգով: Համերգը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ քառյակը հայ հանրությանը կներկայացնի մի շարք ստեղծագործություններ, այդ թվում՝ համաշխարհային պրեմիերա:  Առաջին անգամ կհնչի ամերիկաբնակ, սակայն ազգությամբ հայ կոմպոզիտոր Մարի Կույոմջյանի  «Լուռ կռունքներ» ստեղծագործությունը: Ներկայցնելով լեգենդար քառյակի համերգային ծրագիրը՝ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ փառատոնի այս տարվա բոլոր համերգները նվիրվում են ցեղասպանության տարելիցին:

Ինչ վերաբերում  է Քրոնոս քառյակին, Սոնա Հովհաննիսյանը նկատեց, որ այս լեգենդար քառյակին հյուրընկալելը մեծ պատիվ է աշխարհի ցանկացած բեմում: Քառյակի անդամներն ի դեպ առաջին անգամ չեն Հայաստանում, առաջին անգամ նրանք Հայաստան են եկել ավելի քան 10 տարի առաջ՝ դարձյալ փառատոնի շրջանակներում: Թերևս երկար ժամանակ այս անգամ չունեն, բայց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այնուամենայնիվ գնացել են և ինչպես խոստովանեց քառյակի հիմնադիր Դեվիդ Հարինգթոնը, շատ տպավորված են հատկապես թանգարանով:

«Մենք հենց նոր ժամանեցինք ցեղասպանության հուշահամալիրից:Թանգարանում ունեցած զգացողություններս թերևս իմ կյանքի ամենաազդեցիկ պահերից էին: Ամենացնցողապրումներից էր նաև այն, որ ես այնտեղ տեսա բազմաթիվ դպրոցականներ: Կարծում եմ, որ մենք պատասխանատվություն ենք կրում ճշմարտությունն ասելու հենց երեխաներին: Եվ այնքան նրբանկատորենէ այդ կորուստը հիշատակվում, որ ես իսկապես խորապես ազդված եմ»:

Կոմպոզիտոր Մարի Կույոմջյանն իր հերթին նշեց, որ իր համար ևս շատ կարևոր և պատասխանատու համերգ է, քանի որ համերգի ժամանակ կատարվելու է նաև իր հեղինակած «Լուռ կռունկներ» ստեղծագործությունը, որն ի դեպ նվիրվում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Back to top button