Հասարակություն

Հայաստանից հեռու, սակայն հայկական օդ ու ջրով

hasmikdilanyan
Հայաստանից հեռու, սակայն, հայկական օդ ու ջրով: Նրանք հեռացան հայրենիքից, սակայն, չկտրվեց կապը հայկական հողից ու ջրից: Ուխտ արեցին ու Հայոց ցեղասպանության  100-ամյա տարելիցին ընդառաջ հայրենիքում են: Հայկական մոտոցիլիստների ակումբի անդամները համակարգիչներ ու  էլեկտրական սայլակներ են բաժանում հաշմանդամներին: Մի քանի օր անց նրանք  կհեռանան Հայաստանից՝ հստակ համոզմամբ՝ ԱՄՆ-ում ընդամենը  զբոսաշրջիկներ են ու  գիտակցմամբ, որ մի օր անպայման վերադառնալու են:

 

 

Խաչիկ Ալեքսանյանը Հայաստանից հեռացավ 20 տարի առաջ, գնաց ու որոշեց՝ վերադառնալու է՝  2015թ ապրիլին՝ Հայոց  Ցեղասպանության 100-ամյա  տարելիցին ընդառաջ:  Եկավ՝ չորսամյա աղջկա հետ, հայր ու աղջիկ հայրենիքը զգում են արյան ակնչով: Չորսամյա փոքրիկը ծնվել է ԱՄՆ-ում,  հայկական հողից, սակայն, չի ուզում հեռանալ, չի ուզում հիշել անգամ Զվարթնոց օդանավակայանի մասին, փոքրիկն առաջիկա  օրերին նաև կմկրտվի Մայր  Աթոռ սուրբ Էջմիածնում: Խաչիկը չկարողացավ  հուզմունքը զսպել, երբ երկարամյա ընդմիջումից հետո առաջին անգամ նորից շնչեց Հայաստանի օդը:

«Չեմ կարող բացատրել, թե ինչ զգացի, անբացատրելի է: Աղջիկս էլ չի ուզում գնալ Հայաստանից: Նա Միացյալ Նահանգներումէ ծնվել, առաջին անգամն է Երևանում, ու երեկ, երբ հյուրեր ունեինք, պետք է դիմավորեինք օդանավակայանում, աղջիկս ասաց՝ չէ, ես չեմ գալիս, ես մնում եմ Հայաստանում: Ու ինքը Հայաստանում է դեռ մի քանի օր: Իր համար այստեղ շատ լավ է, հաճելի, քանի որ, երբ ոտքդ գետնին ես դնում, զգում ես, որ քո հողն է ու քեզ հզոր ես զգում:

27 տարի առաջ էլ  Հայաստանից հեռացավ Հարութ Բոգարյանը: Գնաց Միացյալ Նահանգներ, սակայն, կապը չկտրեց  հայրենիքի հետ:  Եկավ ու տեսավ՝  տունը,  որտեղ ծնվել է,  այլևս չկա, տան տեղում  նորակառույց խանութ  է,  տեղանքն ուրիշինն է, սակայն, իրենն է հողն ու ջուրը, չմոռացավ ու չկտրվեց մայր հողից.«Իմ  կապը Հայաստանի հետ շատ հզոր է, ես երևի մի 50 անգամ արդեն եղել եմ Հայաստանում»:

Սամվել Նաջարյանը նույնպես  Միացյալ Նահանգներում է  ապրում: Գրեթե նույն  ճակատագրով: Հայաստանից հեռացան ու  միավորվելով  հեռավոր Միացյալ Նահագներում  բարեգործական  կազմակերպություն հիմնեցին, ստեղծեցին Հայկական մոտոցիլիստների ակումբը: Այս օրերին էլ նրանք Հայաստանում են՝  իրենց հետ բերելով  համակարգիչներ ու հաշմանդամների սայլակներ: Դրանք բաժանում են կարիքավոր ազատամարտիկներին, հաշմանդամներին, բոլոր նրանց ովքեր օգնության կարիք ունեն:

Տղաները ապրիլի 23-ին SOAD-ի հետ երգեցին նույն բեմում ու միացան Հայոց ցեղասպանության 100-մայ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին՝ դառնալով  նաև պահանջատեր: Ակումբի անդամների մի կեսն այս օրերին Վաշինգտոնում  ուղեկցում  են Լոս Անջելես Վաշինգտոն  քայլերթի մասնակիցներին:  Նրանք  ԱՄՆ նախագահի նստավայր  կհասնեն ու Սպիտակ տան  առջև ակցիա կկազմակերպեն:

Մի քանի օր անց նրանք կհեռանան Հայաստանից՝ հստակ   համոզմամբ՝ ԱՄՆ-ում նրանք ընդամենը  զբոսաշրջիկներ են ու  գիտակցմամբ, որ մի օր անպայման վերադառնալու են:

Back to top button