Հասարակություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը

lenabadeyan
Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ քաղաքացիական դատավարության եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կառավարության առաջարկը: Հիշեցնենք, որ այս նախաձեռնությամբ փորձ է արվում ներդնել հաշտարարության ինստիտուտ: Ըստ գործադիրի՝  հաշտարարությունը պետք է պարտադիր լինի մինչեւ բուն դատաքննության հասնելը որոշակի հստակ սահմանված գործերի համար, օրինակ` ամուսնաընտանեկան, աշխատանքային, անշարժ գույքի վերաբերյալ գործերով եւ այլն:

Կողմերին պետք է տրվի ժամանակ եւ հնարավորություն, որպեսզի նրանք վեճը փորձեն լուծել հաշտարարության միջոցով:

Հաշտարարության միջոցով վեճի չլուծման դեպքում կողմերը պետք է ներկայացնեն հաշտարարության ձախողման վերաբերյալ փաստաթուղթ, որը հիմք է դատաքննությունը սկսելու համար: Այս նախագծի քննարկումը երեկ տեւել է ամբողջ օրը: Որոշակի տարաձայնություններ եղել են, այդ պատճառով էլ ԲՀԿ խմբակցությունը քվեարկել է ձեռնպահ:

Առաջին ընթերցմամբ՝  107 կողմ 4 դեմ  1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր խորհրդարանն ընդունել է նաեւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագիծում առաջարկվող փոփոխությունները: Կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները երեկ օրվա ավարտին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացատրել էր այսպես.

«Մեր առաջարկը հետեւյալն է, որպեսզի մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31 ծնված երիտասարդները, ում տարիքն անցել է 27-ը կարողանան քրեական հետապնդումից ազատվել, մուծել համապատասխան տույժ ու տուգանքները եւ խնդիրը կկարգավորվի: Սփյուռքում գտնվող մեր քաղաքացիները չեն կարողանում Հայաստան գալ, այդ իսկ պատճառով մենք ուզում ենք այս խնդիրը դյուրացնել: Երկու թիվ ասեմ: Անցնող տարի 900-ի կարգի ամեն անգամ մարդ է եկել եւ իր խնդիրները կարգավորել է՝ 2014-ին 958 հոգի եւ այս եռամսյակի ընթացքում 61 հոգի: Ընդհանուր առմամբ Հիմնադրամ է մուծվել մոտավորապես 800 միլիոն դրամի կարգի գումար: Այսօր քրեական հետապնդման մեջ գտնվում են 30 հազար հոգի»:

Back to top button