Ցեղասպանություն 100Քաղաքական

Բունդեսթագը պարզաբանում է`Ցեղասպանության բանաձեւը դեռ ինչ ընթացակարգ պետք է անցնի

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հարցով բանաձեւը դեռ մի շարք ընթացակարգեր պետք է անցնի: Ինչպես «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց  Գերմանիայի խորհրդարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Էվա Հաաքեն, այդ բանաձեւը փոխանցվել է Բունդեսթագի արտաքին կապերի հանձնաժողովի քննարկմանը:

Հիշեցնենք, որ նշված հանձնաժողովի նիստը տոնական ոչ աշխատանքային լինելու պատճառով մայիսի 1-ից տեղափոխվել է ապրիլի 30: Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի որոշմամբ` այս հարցը հենց այդ օրը պետք է արտաքին կապերի հանձնաժողովում քննարկվի:

Էվա Հաաքեյի տեղեկացմամբ` Հայոց ցեղասպանության հարցի բանաձեւը նախ պետք է մեկ միասնական տեսքի բերվի:  Որպես հիշեցում` Բունդեսթագի քննարկմանը Հայոց ցեղասպանության հարցով 3 բանաձեւ էր ներկայացվել իշխող կոալիցիոն եռյակի, Ձախերի եւ Կանաչների կողմից: 3-ն էլ հայանպաստ բանաձեւ են եւ 1915-ի դեպքերին հստակ «Ցեղասպանություն» ձեւակերպումն են տալիս: Այժմ այդ բանաձեւերի շեշտադրումները, ձեւակերպումները եւ դրանցով ներկայացված պահանջները պետք է մեկտեղվեն մեկ բանաձեւում` համաձայնեցնելով միմյանց հետ:

Հաջորդիվ, ըստ Գերմանիայի խորհրդարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Էվա Հաաքեի, դրանք կրկին կուղարկվեն երկրորդ եւ երրորդ լսումների, այդպիսով նաեւ քվեարկության: «Դա կարող է մի քանի շաբաթ տեւել: Հստակ ժամկետեր նշել չեմ կարող, քանի որ նիստերի օրակարգը կազմվում է դրանց անցկացմանը նախորդիվ»,-պարզաբանում է Հաաքեն: Ի դեպ` գերմանական որոշ լրատվամիջոցներ փոխանցում են իրենց տեղեկությունները, որ հարցը պետք է քվեարկության դրվի մինչեւ խորհրդարանական աշխատանքների ամառային դադարը:

Գերմանիայի Բունդեսթագի բանաձեւի ընդունումը պետք է հաջորդի երկրի եւ խորհրդարանի նախագահների` 1915-ին հայերի ջարդերը կոնկրետ եզրույթով` «Հայոց ցեղասպանություն» բառով կոչելուն:

Իսկ մինչ այդ միջազգային ամենաառաջատար լրատվամիջոցները հեղեղված են Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության մասին լուրերով: Դրանց մեջ նաեւ ապատեղեկատվություն է տեղ գտել այն մասին, որ Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Իրականում,   այո, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն ու Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթը 1915-ի դեպքերն անվանել են Ցեղասպանություն,  բայց դա դեռ պաշտոնական որեւէ ձեւակերպում չի ստացել: Որպես ճշտում ընդգծենք` Բունդեսթագը «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը պարունակող բանաձեւն ուղարկել է արտաքին գործերի հանձնաժողովի վերջնական քննարկմանը: Այդ բանաձեւը դեռ ընթացակարգեր ունի անցնելու` մինչեւ վերջնական հաստատումը: Լրատվամիջոցները, սակայն, շտապում են իրադարձություններից առաջ ընկնել ու իրենց առաջին էջերում արդեն գրում են` Բունդեսթագը հայկական կոտորածին Ցեղասպանություն անունն է տալիս:

Back to top button