Պաշտոնական

ԵԽ-ն պատրաստակամ է և հանձնառու շարունակել աջակցությունը Հայաստանին

ԵԽ-ն պատրաստակամ է և հանձնառու շարունակել աջակցությունը Հայաստանին՝ քաղաքական, տնտեսական, իրավական ու այլ ոլորտներում բարեփոխումների ճանապարհին, հայտարարել է ԵԽ Նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առևտրի և եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպմանը քննարկել են ՀՀ-ԵԽ համագործակցության օրակարգին, Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵԽ աջակցությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել պարոն Ռեյնդերսին՝ օրերս Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին բարձր մակարդակով ԵԽ-ի մասնակցության, ինչպես նաև ապրիլի 24-ին հիշատակի արարողությանը բելգիական պատվիրակության ներկայության համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում անչափ շնորհակալ են ու բարձր են գնահատում Բելգիայի իշխանությունների և անձամբ պարոն Ռեյնդերսի ներդրումը Բելգիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման ընդունման գործում:

Նշելով, որ տեղյակ է ընթացիկ տարին որքան կարևոր և առանձնահատուկ է Հայաստանի համար՝ հագեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներով, Դիդիե Ռեյնդերսը տեղեկացրել է, որ հանդիպումից հետո այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Դիդիե Ռեյնդերսը վերահաստատել է իր երկրի և նաև ԵԽ Նախարարների խորհրդի նախագահի դիրքորոշումը՝ սատարել միջազգային մանդատ ունեցող միջնորդներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում:

Back to top button