ՀասարակությունՑեղասպանություն 100

Թուրքիայի ժխտողականությունն արդեն սպառել է իրեն. թուրքագետ

karenghazaryan
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կիսում է գնահատականները, որ այլեւս Հայաստանը նոր դերակատարում ունի աշխարհում: «Հայաստանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները վերածեց քաղաքական գործընթացի, որի նպատակը հակացեղասպանական միջազգային նոր շարժում ստեղծելն էր, որի առաջնորդը դարձավ Հայաստանը: Նա կարծում է, որ պահանջատիրության գաղափարն էլ այսուհետ դրված է պայքարի քաղաքականության հիմքում: Ազգագրագետ Հարություն Մարությանի գնահատմամբ՝ արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը, սակայն, մի կարեւոր բան հստակորեն պետք է նշել. «Մենք Հայաստանում զոհի կարծրատիպը հաղթահարել ենք»,-շեշտել է ազգագրագետը: Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի համոզմամբ էլ՝  Թուրքիան ապագայում կանգնած է «ընդունել-չընդունելու» մեծ ընտրանքի առջեւ, քանի որ ժխտողականությունն այլեւս իրեն սպառել է:

 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ Հայաստանին հաջողվեց նոր հակացեղասպանական շարժում ստեղծել եւ քաղաքակիրթ աշխարհն էլ, ըստ նրա, Հայաստանին ճանաչեց որպես այդպիսին:

«Սա բավական կարեւոր եւ լուրջ պատասխանատվություն է, որ այսուհետեւ իր ուսերին կրելու է Հայաստանը, եւ սրանով իսկ մենք, այսպես ասած, նոր խոսք եւ նոր մոտեցում ենք բերում միջազգային քաղաքականության ասպարեզ»:

Ազգագրագետ Հարություն Մարությանի խոսքով՝ կարեւոր է, որ Հայաստանում այլեւս հաղթահարված է զոհի կարծրատիպը: Դրան նպաստել է նաեւ Արցախյան հաղթանակը: Այլեւս հստակ է, որ Հայաստանը հանդես է գալիս պայքարողի դիրքերից:

Ազգագրագետը կարծում է նաեւ, որ պետք է վերաբանաձեւվի ապրիլ 24-ը: Պետք է հիշատակվի նաեւ ինքնապաշտպանական մարտերի ու հերոսների մասին՝ առաջարկեց ազգագրագետը: Նա կարեւորեց նաեւ այն հետաքրքրության աճը, որ արձանագրվեց համաշխարհային մակարդակով:

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կարծում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ընթացան Թուրքիայի իշխանությունների համար ամենաանցանկալի հունով:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ միջոցառումների արդյունքում հաջողվեց ձեւավորել Հայաստանի համար անվտանգության նոր գործոն, քանի որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը միայն պատմական արդարության վերականգնման խնդիր չէ, այլ՝ արժեհամակարգերի, ու միջազգային մամուլը հենց այդ տեսանկյունից էլ դիտարկումներ էր կատարում: Քաղաքագետը նաեւ նկատեց, որ այդ ամենի արդյունքում շատ լրջորեն սահմանափակված են Թուրքիայի գործունեության հնարավորությունները:

Հետագա գործողությունների ուղեցույցն էլ Հայաստանի համար, ըստ քաղաքագետի,  ընդունված համահայկական հռչակագիրն է, որը միջազգային հանրության կողմից ընդունվել է որպես քաղաքական փաստաթուղթ: Հստակ նշված են կետերի հաջորդականությունը, որոնք պետք է լինեն ապրիլ 24-ից հետո՝ նշեց քաղաքագետը՝ անհրաժեշտ համարելով դրանց շուրջ համայն հայության ռեսուրսները կենտրոնացնելը: Ազգագրագետ Հարություն Մարությանի համոզմամբ էլ՝ պահանջատիրությունն այլեւս աստիճանաբար տեղափոխվում է իրավական հարթություն:

Back to top button