Հասարակություն

Հենրի Մորգենթաուի ծննդյան հիշատակի արարողություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում երեկ տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (26 ապրիլի 1856թ. – 26 նոյեմբերի 1946 թ.) հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, Մորգենթաուի ազգականները, հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնին, Երևանի Մորգենթաուի անվան դպրոցի տնօրեն Գոհար Արզանյանը: Ցեղասպանության-ինստիտուտ թանգարանի կայքէջից տեղեկանում ենք, որ «միջոցառմանը ներկայացվել է նաև ՀՑԹԻ կողմից 2014 թվականին հրատարակված Հենրի Մորգենթաուի հուշագրության հայերեն գիրքը, որը եզակի սկզբնաղբյուրի նշանակություն ունի Հայոց ցեղասպանության պատմության, ի մասնավորի` թուրքական պետության կողմից այդ նպատակադրված և ծրագրավորված հանցագործության ծալքերը բացահայտելու, ժամանակի թուրքական հանցավոր վարչակարգի մտայնությունների բացահայտման և ուսումնասիրման համար: ԱՄՆ դեսպանի այս հուշագրությունը, հիրավի, կոթողային մի գործ է, որտեղ ներկայացված փաստերն ու վկայություններն անհերքելիորեն ապացուցում են ցեղասպանության ծրագրված և նպատակային իրագործված լինելու հանգամանքը:

Մորգենթաուն ներկայացնում է իրավիճակի խորը վերլուծություն` այն ամրապնդելով պաշտոնական աղբյուրների տեղեկություններով: Բացի այդ, նա նկարագրում է որոշումների կայացման գործընթացը, երիտթուրքերի իշխանական ինտրիգները, ինչպես նաև ընթերցողին ծանոթացնում է գերմանական քարոզչական քաղաքականության հետ, որը Թուրքիային ներքաշեց Առաջին համաշխարհայի պատերազմի մեջ: Ցեղասպանության-ինստիտուտ թանգարանի գիտաժողովների սրահում ելույթ ունեցան նաև Հենրի Մորգենթաուի մյուս ազգականները՝ թոռները, ծոռները, ովքեր իրենց երախտագիտությունը և հուզմունքը հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին միջոցառման կազմակերպման և դեսպան Մորգենթաուի մեծարման համար»:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին և Մորգենթաուի ազգականներին հանձնել է «Հենրի Մորգենթաու» հուշամեդալներ: Տեղի է ունեցել նաև Հենրի Մորգենթաուին նվիրված հիշատակի բացիկների մարում:

Հյուրերը շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում, այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ են դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ԱՄՆ դեսպանը, Մորգենթաու ընտանիքը ծաղիկներ են դրել նաև Հենրի Մորգենթաուի հուշատախտակի մոտ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է նաև Հենրի Մորգենթաուի անունը կրող աշխատասենյակ:

Back to top button