ՀասարակությունՑեղասպանություն 100

Ժխտողականությունը ցեղասպանության շարունակությունն է.թուրք պատվիրակ

lenabadeyan
Ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան են ժամանել բազմաթիվ հյուրեր, նրանց թվում է նաեւ քաղաքական գործիչներից կազմված մի պատվիրակություն: Այստեղ են Թուրքիայի պառլամենտի նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը, «Կանաչների եւ ձախակողմյան ապագայի» կուսակցության ղեկավար Նասի Սոմնեզը, Դհոկի նախկին քաղաքապետ Մուհամեդ Չոկատամին, Իզմիրից դոկտոր-պրոֆեսոր Ջեմ Թերզին եւ այլք: Վաղը նրանք մեկնում են Հայաստանից, բայց մինչ այդ հանդիպել են հայ լրագրողների հետ: Ասել են, թե այն գործիչներից չեն, որ այստեղ մի բան են հայտարարում, իրենց երկրում՝ լռում կամ մեկ այլ բան են խոսում: «Գնալու ենք եւ երեքշաբթի կայանալիք ասուլիսի ժամանակ այնտեղ էլ հայտարարենք եւ ասենք այն, ինչ այստեղ ենք ասել»,- այսօր Երեւանում ասել են թուրք պատվիրակները:

 

 

Թուրքիայի պառլամենտի նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը չէր ցանկանա, որպեսզի Երեւանում ներկա լինեին քաղաքական գործիչներ:

«Ես շատ կուզեի, որ այսօր ներկա լինեին նաեւ մեր պետության ղեկավարները»:

Նախկին պատգամավորն, այնուամենայնիվ, առաջընթաց է համարում Դավութօղլուի երեկվա հայտարարությունը՝ ժողովուրդների տեղահանման մասին: Ասում է. «Ճիշտ է, իրերն իր անունով չկոչեց, բայց դա առաջին քայլն էր, երբ Թուրքիայի ղեկավարությունը ընդունում է, որ 1915-ին տեղի է ունեցել հանցագործություն՝ մարդկության դեմ»:

Քաղաքական գործիչը պնդում է, երկու հարեւան պետությունների հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, համոզված է, որ դրան կարող է նպաստել նաեւ Պուտին-Էրդողան մերձեցումը: Ուֆուկ Ուրասը նախապայման չի համարում, ավելին՝ պնդում է. Թուրքիայի Սահմանադրությունը պետք է փոփոխվի եւ ահա, թե ինչու:

«Սահմանադրության մեջ պետք է հատուկ հոդված լինի, որը հնարավորություն կտա փոխհատուցելու այն բոլոր վնասները, որոնք պատճառել է պետությունը: Նկատի ունեմ նյութական վնասները, բռնագրաված գույքը»:

Այս առումով Թուրքիայի հասարակությունը դեռեւս լիովին պատրաստ չէ այս պահին գնալու այդ քայլին, համոզված է Իզմիրից դոկտոր-պրոֆեսոր, «Կամուրջ ժողովուրդների միջեւ» կազմակերպության ղեկավար Ջեմ Թերզին: Առաջին հերթին դեռեւս դպրոցից ստացած ժխտողական դաստիարակությունը չի նպաստում համապատասխան միջավայրի ձեւավորմանը, բացի այդ, համոզված է, եւ դա իր անձնական կարծիքն է՝ հողային պահանջները չեն օգնում հաշտեցմանը:

«Ես կարծում եմ, որ հողը չի պատկանում պետություններին, հողը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդները, ազգությունները ապագայում հնարավորություն են ունենալու առանց սահմանների, առանց պատերազմների ու կռիվների ապրելու իրենց հողի վրա: Ինչքան մենք խոսում ենք հողերը տալ կամ հետ վերցնելու մասին, մենք այդքան շարունակում ենք մեկս մյուսի կոկորդը սեղմել»:

Ամեն դեպքում Ջեմ Թերզին եկել է Հայաստան ներողություն խնդրելու, քանի որ կարծում է.   որպես Օսմանյան Կայսրության ժառանգորդներ պարտավոր են հիշել, հիշեցնել եւ պարտասխանատվություն կրել:

«Գլուխները խոնարհելով՝ ներողություն ենք խնդրում: Կազմակերպված այն գործողությունը, որը իրականացվեց 1915 թվականի ապրիլի 24-ի շաբաթ օրը նպատակ ուներ ոչնչացնելու բոլոր քրիստոնյաներին, այդ թվում հայերին, կելտացիներին, պոնտոսցիներին եւ ասորիներին: Ոչնչացվեցին այս ժողվուրդների հասարակական եւ քաղաքական բոլոր կառույցները, ոչնչացվեց նրանց մշակույթը, լեզուն, մշակութային կառույցները»:

Ջեմ Թերզին ասում է, որ ժխտումը ցեղասպանության շարունակությունն է եւ անթույլատրելի է համարում, որ Թուրքիայում հանցագործների անուններով անվանակոչում են փողոցներն ու շինաությունները: Արդարության վերականգնման եւ հաշտեցման համար պայքարող թուրք գործիչները նաեւ Երեւանում են տեսել անթույլատրելի դրսեւորումներ:

Պառլամենտի նախկին անդամ Ուֆուկ Ուրասի համար, օրինակ՝ անթույլատրելի էր եւ տհաճ, երբ տեսել է, որ ջահերով երթի ժամանակ այրվել է Թուրքիայի դրոշը: «Մեր խնդիրները չպետք է թողնենք մեր թոռներին: Այսօր ապրիլի 25-ն է, եւ կարող ենք նոր էջ բացել»,- ասում է նախկին պատգամավորը:

Ըստ՝ Ուֆուկ Ուրասի սխալ է նաեւ Գալիպոլիի նույնացումը Հայոց ցեղասպանության հետ կամ իրար դեմ հանելը: «Սխալ է 1915 թվականի եւ դրանից հետո տեղի ունեցած իրականությունը նույն հարթության մեջ դնելը, իսկ ներկայումս ժխտողականության քաղաքականության մասնակցելը նույնն է՝ մասնակցել Ցեղասպանության հանցագործությանը»,- նշել է թուրք քաղաքական գործիչը:

Back to top button