Ցեղասպանություն 100Քաղաքական

Եվրոպական շարժումը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել

Միջազգային եվրոպական շարժումը, որը եվրոպական ինտեգրացիային նպաստող  համաեվրոպական կազմակերպություն է, ապրիլի 24-25-ին  Ռիգայում ընթացող իր Գլխավոր ասամբլեայի նիստին միաձայն Հայոց  ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել: Այս փաստաթղթով Եվրոպական շարժումը «իր ձայնով միանում է ավելի քան 20 պետություններին, մի շարք  միջազգային կազմակերպություններին և կառույցներին , այդ թվում՝  Եվրոպական  խորհրդարանին (1987թ. և 2015թ.), Եվրոպայի խորհրդին (2001թ.) և Եվրանեսթ  ԽՎ-ին  (2015թ.),  որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»:

Բանաձևը համահեղինակել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»  կազմակերպությունը (ՀԵԲ ) «Հայաստանի  եվրոպական  շարժման»  հետ:

ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է.

«Եվրոպական  շարժումը  կարևոր եվրոպական կազմակերպություն է՝  մոտ 70 տարվա հիանալի  պատմությամբ: Մենք շատ շնորհակալ ենք, որ այս կազմակերպությունը, որը  եվրոպական արժեքների խրախուսման և ԵՄ-ի  կայացման  առաջամարտիկներից է,  միացավ  բազմաթիվ  ուրիշների,  ովքեր այս առանձնահատուկ  տարվա  ընթացքում  հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»:

Բանաձևում Եվրոպական շարժումը «դատապարտում է ցեղասպանության և  մարդկության դեմ հանցագործությունների բոլոր ձևերը և  խստորեն  դատապարտում դրանց ժխտողականությունը», ինչպես նաև «հույս է հայտնում, որ  Հայոց ցեղասպանության ճանաչումը  Թուրքիայի  կողմից կուղեկցվի  հայ և  թուրք  ժողովուրդների պատմական հաշտեցմամբ»:

«Հայաստանի եվրոպական շարժման» նախագահ Վիկտոր Ենգիբարյանը հավելում է.

«Եվրոպական  շարժման  կողմից  Հայոց ցեղասպանության  ճանաչումը պետք է նպաստի տարածաշրջանում անվտանգության հաստատմանը և  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:  «Հայաստանի  եվրոպական  շարժման»  համար  պատիվ և  պարտականություն է  այս  գործընթացի  մասը կազմել»:

Միջազգային եվրոպական շարժումը համաեվրոպական կազմակերպություն է, որը հիմնվել է 1948թ.-ին:  Կազմակերպության  քարտուղարությունը  գտնվում է  Բրյուսելում: Շարժումը կազմված է 33 ազգային ներկայացուցչություններից տարբեր  եվրոպական  երկրներից,  ինչպես նաև 22 միջազգային ասոցիացիաներից:  Դրանց թվում են եվրոպական կուսակցություններ, ներառյալ` 3 ամենամեծ  համաեվրոպական կուսակցությունները,  և երիտասարդական  կազմակերպություններ,  ներառյալ`  Երիտասարդ եվրոպացի ֆեդերալիստները  (ԵԵՖ) և Եվրոպացի ուսանողների ֆորումը (AEGEE): Շարժման հիմնական  նպատակը եվրոպական  արժեքներին և եվրոպական  ինտեգրացիային  նպաստելն է: ՀԵԲ-ը Միջազգային եվրոպական շարժման ասոցացված անդամ է:

Բազմաթիվ նշանավոր քաղաքական գործիչներ են անդամակցել Եվրոպական շարժմանը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն  Չերչիլը  և Ֆրանսիայի նախագահ  Վալերի Ժիսկար դ՛ Էստենը եղել են շարժման նախագահներից:

Եվրոպական շարժման մեծագույն ձեռքբերումներից է Եվրոպայի խորհրդի ստեղծումը և հեղինակավոր Եվրոպայի  քոլեջ-համալսարանի հիմնադրումը:

Back to top button