Ցեղասպանություն 100Քաղաքական

Ծիծեռնակաբերդի բարձունքից՝ համայն մարդկությանը. չորս պետությունների ղեկավարների կոչը

lenabadeyan
60 պետությունների ներկայացուցիչների հետ միասին այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում էին նաեւ 4 պետությունների ղեկավարներ: Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Երեւան են ժամանել Սերբիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները: Այսօր նրանք բոլորը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում իրենց խոսքն ուղղեցին ոչ միայն համայն հայությանն այլեւ դիմեցին ողջ աշխարհին:

 

 

Սերբիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներն այսօր Ծիծեռնակաբերդում վերջին 5 ծաղիկը տեղադրեցին անմոռուկ ծաղկի տեսքով ծաղկեպսակում: «Մենք հիշում ենք եւ պահանջում»,- ասաց Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը՝ պատմական արդարության համար Հայաստանի եւ Կիպրոսի պայքարը նույնականացնելով եւ նշելով՝ բնական է, որ երկու երկրները միասնաբար են դատապարտում ցեղասպանության ոճրագործներին:

Կիպրոսը երկրորդ պետությունն էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Այդ հարցում նրան հետեւեց եւ երրորդը դարձավ Ռուսաստանի Դաշնությունը՝ փաստը ճանաչելով 1996 թվականին: Այսօր Երեւանում Վլադիմիր Պուտինը հայտարարեց՝ «հենց ռուսական դիվանագիտությունը հասավ հայ ժողովրդի նկատմամբ բռնության միջազգային դատապարտման, քանի որ 1915-ի իրադարձություններն ընկալեց որպես սեփական ցավ»:

Այսօր ՌԴ-ի 640 քաղաքում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված 2 հազարից ավելի միջոցառում: «Միջազգային հանրությունը պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի անցյալի ողբերգական իրադարձությունները երբեւէ չկրկնվեն»,- հայտարարեց Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահն իր խոսքում ընդգծել է ոչ միայն 1915 թվականի զոհերի թիվը, այլեւ՝ հստակեցրել. 600 հազարից ավելին վտարվել են սեփական տներից, հետապնդումների արժանացել, նաեւ ճարտարապետության անգին հուշարձաններ են ոչնչացվել, հինավուրց գրքեր եւ անգին ձեռագրեր այրվել: Այսօր Հայաստանում չլինելու հարցը երբեւէ չի քննարկվել Սերբիայի ղեկավարության շրջանակում: Այդ պետության ղեկավար Տիմոսլավ Նիկոլիչն ասաց այդ բարոյական իրավունքը չունեն, որպես ցեղասպանություն վերապրած մեկ այլ ազգի ներկայացուցիչներ:

Հայոց Ցեղասպանությունը ճանաչած եվրոպական առաջին երկրներից մեկը, ով նաեւ օրենքով քրեականացրել է Հայոց Ցեղասպանության ժխտումը, Ֆրանսիան՝ այսօր էլ հպարտ է, որ ընդունել է հայ փախստականներին, դարձել է նրանց համար երկրորդ տունը եւ Ֆրչանսիայի հայ բնակիչներով հպարտանալու մշտապես հնարավորություն ունի: Ֆրանսիայի ընդունած օրենքները «ճշմարտության ակտ էր»,- այսօր Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ֆրանսիայի նախագահն իր խոսքում մեծ ցավով հիշեց նաեւ Հրանտ Դինքին, ով մի քանի տարի առաջ սպանվեց Թուրքիայում, բայց հույս հայտնեց, որ Ֆրանսիային եւ միջազգային հանրությանը կհաջողվի առաջիկայում հաշտեցնել հարեւաններին եւ բացել հայ-թուրքական սահմանը: Ֆրանսիայի նախագահը համոզված է՝ Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցը նվիրված է խաղաղությանը, առաջընթացին Հայաստանի, տարածաշրջանի եւ Մերձավոր Արեւելքի համար: Ծիծեռնակաբերդի բարձունքում կանգնած Ֆրասուա Օլանդը նաեւ կոչ արեց կանխել այսօր Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների ոչնչացումը. «Քրիստոնյաներ, որոնք Մերձավոր Արեւելքի հարստությունն են», — նշեց Ֆրանսիայի նախագահը:

Back to top button