ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

«Ոչ ոք չպետք է ճշմարտությունից վախենա».Գերմանիայի նախագահը՝ Հայոց Ցեղասպանության մասին

karenghazaryan

ԳԴՀ նախագահի ուղերձը զետեղված է նախագահի պաշտոնական կայքում:

«Մենք այս պահին հայ ժողովրդի հետ ցավում ենք, ովքեր հարյուր տարի առաջ հարյուր հազարներով ծրագրավորված ու համակարգված կոտորածների զոհ դարձան: Առանց որևէ տարբերության՝ կանայք և տղամարդիկ, երեխաներն ու ծերունիներն ուղարկվեցին մահվան երթերի, առանց որևէ պաշտպանության ու սննդի, տափաստաններում ու անապատներում, հրկիզվեցին, հետապնդվեցին, սպանվեցին ու ողջակիզվեցին: Այս ծրագրավորված ու հաշվարկված հանցագործությունը հայերի դեմ մի պատճառ ուներ. որովհետև նրանք հայեր էին: Բացի այդ, այն հարվածեց նրանց բախտակիցներին՝ պոնտացի հույներին, ասորիներին ու արամեացիներին»,-ասված է Գերմանիայի նախագահի ելույթում:

Գերմանիայի նախագահը շեշտում է, որ այդ ամենն իրականացվեց պատերազմի քողի ներքո: Պատերազմը նաև ծառայեցվեց որպես արարքի արդարացում՝ նշում է նա:

«Մենք հիշում ենք զոհերի մասին, քանզի նրանք ու իրենց ճակատագիրը չպետք է մոռացության մատնվեն: Մենք նրանց հիշում ենք մեր իսկ սեփական բարօրության համար: Սա առաջին հերթին յուրաքանչյուր մարդու արժանապատվության հիշողությունն է»,-շեշտել է Յուախիմ Գաուկը:

Նրա ձեւակերպմամբ՝ այդ արժանապատվությունը հնարավոր չէ  ոչնչացնել, բայց մեղք կլինի, եթե անուշադրության մատնվի ու ոտնատակ տրվի:

«Մենք հիշում ենք զոհերի մասին, որպեսզի նրանք հիշատակի ևս մեկ ձայն ստանան, որպեսզի նրանց պատմությունը ներկայացվի, մի պատմություն, որ երբեք այլևս չպետք է կրկնվի»,-հայտարարել է Գերմանիայի նախագահը՝ հավելելով նաեւ, որ զոհերի մասին հիշողությունը կիսատ չէր լինի, եթե չլիներ դահիճների լռությունը:

«Առանց դահճի չկա զոհ: Դահիճները՝ Օսմանյան կայսրության այդ օրվա կառավարիչներն ու նրանց սատարողները, ինչպես և ռասայական, էթնիկական կամ կրոնական կոտորածների ցանկացած այլ դահիճներ, վստահ էին իրենց ճշմարտացիության մեջ: Օսմանյան կայսրությունում այն ցեղասպան դինամիկա ունեցավ, ինչին զոհ գնաց հայ ժողովուրդը»,-նշել է Գերմանիայի նախագահը:

Նա նաեւ նշել է, որ անպետք բանավեճ է, թե 100 տարի առաջ տեղի ունեցածը ճիշտ բնութագրելու համար որ տերմինն է տեղին, ապա շեշտել՝ «Ինչպես անգամ 100 տարվա հեռվից է երևում, դա մի ժողովրդի ծրագրավորված ոչնչացում էր՝ իր սարսափելի իրականությամբ»:

«Այնպես որ, հայերի դեպքում մենք չենք կարող այլ սկզբունք որդեգրել, մենք չենք կարող մեղքի զգացումից ձերբազատվել, երբ ժխտում ենք, ճնշում ենք կամ նվազեցնում ենք այն»,-հայտարարել է Գերմանիայի նախագահ Յուախիմ Գաուկը:

Նրա խոսքով՝  Գերմանիայում, հայ ժողովրդի ջարդերի հիշատակումը խորը իմաստ ու հստակ ուղերձ ունի, ուստի՝ գերմանացիները, ևս պետք է իմաստավորեն, մասնավորապես, երբ խոսքը Հայոց Ցեղասպանության հարցում համատեղ պատասխանատվության կամ նույնիսկ մասնակցությանն է վերաբերում՝ շեշտել է Գերմանիայի նախագահը:

Նա հիշատակել է նաեւ, որ եղել են գերմանացի զինծառայողներ, ովքեր ներգրավված են եղել տեղահանումների ծրագրավորման ու մասամբ նաև իրականացման գործում: Գերմանացի ականատեսների ու դիվանագետների գրագրությունները, որոնք ընդունել են հայերի դեմ գործողության կործանարար բնույթը, փոխանցվել են ու անտեսվել: Գերմանական կայսրությունը չէր կամենում վտանգի ենթարկել Օսմանյան դաշնակիցների հետ հարաբերությունները: Ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգը, ով հատուկ ներկայացուցչի միջոցով հայերի հետապնդումների որոշակի մանրամասներ գիտեր, 1915 թվականի դեկտեմբերին հակիրճ նշել էր. «Մեր միակ նպատակը Թուրքիային մինչև պատերազմի ավարտը մեր կողմը պահելն է, անկախ այն բանից, հայերը ոչնչացվում են, թե ոչ»:

Իր ելույթում գերմանիայի նախագահը հիշատակել է նաեւ այն գերմանացիներին, ամենից առաջ իր գործի նվիրյալ Յոհաննես Լեփսիուսին, ում հրատարակչական գործունեության շնորհիվ աշխարհն իմացավ հայերի տառապանքների մասին:

Իր ելույթում Գերմանիայի նախագահը, հիշատակելով 1939 թվականին Ադոլֆ Հիտլերի հնչեցրած հայտնի՝ «Ո՞վ է այսօր հիշում հայերին» արտահայտությունը, շեշտել է՝ «Մենք ենք խոսում: Այսօր, անգամ 100 տարի հետո, մենք խոսում ենք ու գիտենք այդ և մարդկության ու մարդկային արժանապատվության դեմ ուղղված այլ հանցագործությունների մասին. Մենք դա անում ենք, հետևաբար՝ Հիտլերը սխալվում էր: Մենք դա անում ենք, որովհետև ոչ մի բռնակալ, որևէ այլ ոք, ով էթնիկական զտումներն օրինական է համարում, հույս չունենա, որ իր գործողությունները կանտեսվեն ու կմոռացվեն»:

Գերմանիայի նախագահի խոսքով՝ անցանկալի պատասխանատվության ու անցյալի պարտքի մասին խեսում են ոչ թե նրա համար, որ՝ «մեզ կապենք ճնշող անցյալի հետ, այլ որպեսզի լինենք զգոն ու ժամանակին արձագանքենք ավերումներին ու մարդկանց եւ ժողովուրդներին սպառնացող սարսափներին»:

Գերմանիայի նախագահն իր ելույթն ավարտել է՝ հայտարարելով, որ ոչ ոք չպետք է ճշմարտությունից վախենա: «Միայն համատեղ կարող ենք հաղթահարել այն, ինչը մեզ բաժանում էր ու բաժանում է: Միայն համատեղ կարող ենք մեզ պատկանող այս աշխարհում լավ ապագա ունենալ»,-ելույթը եզրափակել է Գերմանիայի նախագահ Յուախիմ Գաուկը:

 

Back to top button