ԿարևորՑեղասպանություն 100

Այսօր Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցն է

Այսօր Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցն է: Այսօր կրկին շարժվում ենք դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հիշատակելու հայության դեմ իրագործված ամենամեծ ոճրի արդեն մեկ դարյա տարելիցը: Աշխարահասփյուռ հայությունն այսօր ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում սրի մատնված մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այսօր մարդկության հոծ բազմությունը քայլերն ուղղում է Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր՝ ապացուցելու եղեռնագործ Թուրքիային՝ որ մենք կանք ու կլինենք¸ որ չնայած 20-րդ դարասկզբի աշխարհի անտարբեր լռությանը¸ այդուհանդերձ գտնվեցին մարդիկ¸ ժողովուրդներ¸ պետություններ¸ որ խուսափեցին ցեղասպանին աջակից լինելու մարդկային խարանից¸ եւ դեռ 100 տարի առաջ աջակից եղան որբացած հայությանը։

Ամեն հայի հոգում մի Ծիծեռնակաբերդ է ամփոփված՝ իր տատի, պապի ապրումների անթեղված կրակով:

Հայկական երկու հանրապետությունների, աշխարհասփյուռ հայության աշխարհիկ եւ հոգեւոր այրերն այսօր առավոտյան իրենց քայլերը կուղղեն դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։

24-ը ապրիլի: Այս ամսաթիվն արդեն շուրջ մեկ դար դաջված է երկու ժողովուրդների նոր պատմության դիմապատկերին: Սակայն, մեկն իր հիշողության մեջ այն պահում է որպես ամոթալի խարան` չցանկանալով խոստովանել նախնյաց գործած ոճիրը, մյուսն իր հիշողութան մեջ պահում է նախնյաց վիշտը` հուսալով, որ համայն մարդկությունը մի օր կդատապարտի 20-րդ դարասկզբին հայերի դեմ նյութված մեծ եղեռնագործությունը:

Back to top button