ՀասարակությունՑեղասպանություն 100

Ռուս ինքնատիպ միլիոնատերը ԵՊՀ- ին նվիրեց «Ցարական երեխաների համար ձեռնարկ» մատենաշարը

aidaavetisyan

Ռուսաստանցի նախկինում հայտնի գործարար, այժմ գյուղական համեստ կյանքով ապրող Գերման Ստերլիգովն այս օրերին Հայաստանում է ՝հայ ժողովրդի  վիշտը կիսելու և Ծիծեռնակաբերդում եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։ Սակայն մինչ այդ՝ Ստերլիգովը այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների ու դասախոսական կազմի հետ և  Մայր բուհին նվիրել  38 հատորանոց  «Ցարական  երեխաների  համար  ձեռնարկ» մատենաշարը։ Գրքերում, ըստ Ստերլիգովի, ներկայացված է մարդկության ճշգրիտ պատմությունը: Մի մեծ հատված նվիրված է նաեւ Հայաստանի պատմությանը։     

Գերման Ստերլիգով. ազնվական ծագմամբ   50-ամյա այս ձեռներեցի անունը Ռուսաստանում  հայտնի է որպես արտառոց հայացքներով  միլիոնատիրոջ, ով իրեն այժմ  ռուսական  եկեղեցու  խոնարհ հետևորդ է համարում՝ չնայած վերջինիս հետ ունի որոշակի տարաձայնություններ:

Անավարտ իրավաբանական կրթություն,  բազում  հասարակական  ու սոցիալական  շարժումների հիմնադիր, 2004 թվականին  Ռուսաստանի նախագահական ընտրությունների  թեկնածու, ապօրինի ներգաղթի  դեմ պայքարի  առաջամարտիկ, հայտնի գործարար և…  հանկարծ կտրուկ  հրաժարում այդ ամենից։ Նա ընտանիքով՝ իր 5 երեխաներով հեռանում է դեպի ռուսական  մի խուլ գյուղ՝ համետ կյանքով ապրելու վճռականությամբ։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ներկայացրած այս հակիրճ կենսագրականից հետո ձայնը տրվեց  հյուրին: «Ես նախ ուզում եմ իմ ձայնը  միացնել քաղաքակիրթ աշխարհին այն համոզմամբ, որ Թուրքիան անվերահապորեն պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը, ինչը նաև պաշտոնական Անկարայի և իր ժողովրդի շահերից է բխում, եթե ուզում է միջազգային հանրության աչքին պետության  վարկը բարձրացնել: Եվ հետո՝ նաև  հայերի պահանջատիրական  հարցերին տա արդարացի լուծում»,- ասում է Ստերլիգովը։

ԵՊՀ հյուրը ներկայացրեց այդ կրթօջախ այցելելու իր նպատակը։ Նա համալսարանի գրադարանին  նվիրեց 38 հատորից բաղկացած «Ցարական  երեխաների  համար  ձեռնարկ» մատենաշարը։  Նկարազարդ հաստափոր հատորները կազմված են 17 հազար ակնարկներից:  Բովանդակությունը հիմնականում Ռուսաստանի  համապարփակ  պատմությունն է, սակայն անտեսված չէ նաև համաշխարհային պատմությունը ՝ անհիշելի ժամանակներից մինչև  մեր օրերը:

Մեծ բաժին է հատկացված նաև Հայաստանին: «Այս գիրքը  նաև այն բանի վկայությունն է, թե պատմականորեն ինչ տարածքներ են պատկանել հայերին, փաստում է ձեր իրավունքները Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական  հողերի, լճերի, քաղաքների վրա: Կարծում եմ, որ այս փաստաթուղթը ձեզ համար շատ օգտակար կարող է լինել»:

Այդուհանդերձ,  ի՞նչու հրաժարվեց միլիոնատիրոջ կյանքից և շրջվեց դեպի հոգևորը, հարցին Ստերլիգովի պատասխանում է. «Երբ երեխաներս դպրոցական դարձան, հասկացա, որ նրանք հավաստի տեղեկություններով պատմության  դասագրքրեր չունեն: Եվ որոշեցի թողնել  հաջողակ  գործարարի կյանքն ու  լծվել համաշխարհային պատմագիտության  այդ բացը լրացնելու աստվածահաճո գործին: Իմ կյանքի մեծ հատվածում ես քրիստոնյա չեմ եղել: Այժմ ես Աստծո խոնարհ ծառան եմ և փորձում եմ ապրել ու քարոզել նրա պատգամները»։

Իհարկե՝ 38 հաստափոր հատորներն ընթերցել ոչ բոլորը կնախընտրեն, ուստի հեղինակը  խմբագրել է նաև նույն ձեռնարկների  եռահատորյակը: Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնայնը, շնորհակալություն հայտնելով  արժեքավոր նվերի համար, նշեց, որ  Ռուսաստանի պատմությամբ հետաքրքրվողների համար այն կլինի լավագույն ուղեցույցը:

«Համալսարանի ռուսական կենտրոնում այս գրքեըը  հասանելի կլինեն բոլորին և ընդհանրապես նրանց, ովքեր հետաքրքված են  Ռուսաստանի պատմությամբ: Այս ձեռնարկները  կարող են  լավագույն  ուղեցույցը լինել գիտական աշխատանքներ կատարելիս և դասախոսությունների պատրաստվելիս»:

Արամ Սիմոյանն էլ իր հերթին հյուրին նվիրեց ԵՊՀ հրատարակության արժեքավոր գրքեր:

Back to top button