Միջազգային

Սպիտակ տունը Թուրքիային կոչ է անում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ

Սպիտակ տունը մտադիր է Թուրքիային եւ Հայաստանին կոչ անել ճանաչել 1915- ի ողբերգական իրադարձությունների հետ կապված բոլոր փաստերը։

«Մենք մտադիր ենք օգտվել առիթից, որպեսզի ուշադրություն հրավիրենք 1915 թ սարսափելի իրադարձությունների վրա եւ կոչ անենք փաստերի լիարժեք, ազնիվ եւ արդար ճանաչման, ինչը, ինչպես կարծում ենք, համապատասխանում է բոլոր կողմերի շահերին»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցը՝ նշելով, որ կողմեր ասելով նկատի ունի Թուրքիան, Հայաստանը եւ ԱՄՆ, հայտնում է ՏԱՍՍ- ը։

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այժմ չի արտասանում  «ցեղասպանություն» բառը՝ թեեւ նախընտրական շրջանում հենց այդպես է որակել դեպքերը, Շուլցը նկատել է. «Նախագահը եւ վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար անվանել են, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին 1,5 մլն հայերի սպանությունը պատմական փաստ է»,- ասել է Շուլցը։

Սպիտակ տան ներկայացուցիչը հերթական անգամ Թուրքիային կոչ է արել հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ Անկարան կարեւոր դեր է խաղում Իրաքի եւ Սիրիայի ճգնաժամերի կարգավորման գործում։ «Մենք պատրաստվում ենք հատուկ բանակցություններ անցկացնել, թե ինչպես կարող ենք ամրապնդել այս գործընկերությունը»։

Back to top button