Ցեղասպանություն 100Քաղաքական

Ալբերտ Վայլեր. Ոչ ոք երբեք այս ոճրագործությունը չի մոռանա

lenabadeyan
Գիտակցելով, թե որքան է կարեւոր Գերմանիայի դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, Բուդեսթագից պատգամավոր Ալբերտ Վայլերը այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային հասարակական քաղաքական համաժողովում միանգամից հայտարարեց. «Մոտ 1,5 միլիոն հայ քրիստոնյաների կոտորեց այն ժամանակվա երիտթուրքական կառավարությունը եւ դա ցեղասպանություն էր: Ոչ ոք այս ոճրագործությունը երբեք չի մոռանա: 2005 թվականի հունիսին Գերմանիայի Բունդեսթագի բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարությամբ կոչ արվեց Թուրքիային բաց եւ քննադատաբար անդրադառնալ Օսմանյան Կայսրության ժամանակներում տեղի ունեցած հայերի ջարդերին: Ես ուրախ եմ, որ մենք 2015 թվականին տեղի ունեցած իրադարձություններին հստակորեն եւ բաց կարող ենք ցեղասպանություն ասել»:

Գերմանացի պատգամավորը կարեւորեց կատարված հանցագործություններն ընդունելու եւ ներողություն խնդրելու հանգամանքը: Եթե Գերմանիան այդ քաղաքականությունը չորդեգրեր, ապա ընդունված չէր լինի միջազգային հանրության կողմից: Մի շարք պատերազմներ սկսվել են հենց գերմանական հողից, բայց Գերմանիան կարողացավ չգնալ մերժողականության ճանապարհով: Այս օրինակները պատգամավորը բերում էր հատկապես Թուրքիայի համար, ով ցանկանում է դառնալ ԵՄ ընտանիքի անդամ, բայց եւ այդ պետությանը զգուշացում հղեց.

«Մի բան լիովին հստակ է՝ ով ուզում է դառնալ արժեքային այս համայնքի մաս, նա պետք է ընդունի այս ամենը՝ առանց բացառության: Առանց բացառության նշանակում է նաեւ՝ նա պետք է ընդունի իր անցալը, նաեւ՝ դրա մութ էջերը եւ նա պետք է մշակի դրանք: Նա, ով հակասում է այս հիմնարար արժեքներին, չի կարող մեր հայանքի մասը լինել: Մենք գիտենք, որ նաեւ այսօրվա Թուրքիայում մարդիկ կան, ովքեր ապագայի ուղղությամբ են աշխատում՝ համատեղ եվրոպական ապագայի: Մարդիկ, ովքեր աչք չեն փակում հանցագործության առաջ, որի բազմաթիվ զոհերին ենք մենք այսօր հիշում: Այլ նրանք ուզում են մշակել այս բռնի հանցանքը՝ անկեղծորեն եւ շիտակ: Թուրքիայում ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կան նաեւ շատերը, ովքեր ավելի հաճույքով աչք են փակում եւ հետո հույս տածում՝ ինչը ես չեմ տեսնում, դա չկա: Սա ինչպես քաղաքականությանը, այնպես էլ քաղաքացիական հասարակությանն է վերաբերում: Ես ցանկանում եմ, որ այս «արհեսական կույր» մարդիկ գնալով ավելի քչանան եւ որ նրանք, ովքեր տեսնել են ուզում, ովքեր վերաիմաստավորում եւ հաշտեցում են ուզում, էլ ավելի շատանան: Մենք ցանկանում ենք ուժեղացնել Թուրքիայում այն տղամարդկանց եւ կանանց, ովքեր արդեն համարձակ քայլեր են ձեռնարկում, այն թուրք մտավորականներին, ովքեր արդեն այսօր քննադատաբար են առերեսվում իրենց պատմության այս մասի հետ: Այո, փոքրիկ առաջընթաց կա. թուրքական հասարակությունում հայերի ցեղասպանությունը մի քանի տարի է՝ այլեւս լիակատար տաբու թեմա չէ: Հետզհետե ավելի մեծ թվով քննադատ թուրք լրագրողներ եւ հեղինակներ են արծարծում հայկական հարցը՝ քաղաքացիական հասարակությունում քննարկման դնելով իրենց հակակառավարական մոտեցումները: Սա դեպի ճիշտ ուղղություն տանող մի քայլ է»:

Իր խոսքի վերջում գերմանացի պատգամավորը խոստացավ՝ կանգնած են մեր կողքին, մեզ հետ միասին հոգ կտանեն, որ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը երբեք չմոռացվի եւ հետագայում էլ դրան քննադատաբար անդրադառնան: Միաժամանակ խնդրեց, որ բաց լինենք ներման եւ հաշտության համար: Ի դեպ՝ գերմանացի պատգամավորն իր խոսքը սկսել էր հայերենով:

Back to top button