Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ Կոմիտասի պանթեոնում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթղիկոսի մասնակցությամբ այսօր Կոմիտասի անվան պանթեոնի մի հատվածում տեղի ունեցավ հողօրհնեքի արարողություն: Հենց այդտեղ էլ կառուցվելու է Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը նվիրվելու է Հայոց ցեղասպանության սրբադասվելիք նահատակներին: Կառույցի ճարտարապետը Արտակ Ղուլյանն է, կառուցվելու է ռուսաստանաբնակ բարերար Սամվել Կարապետյանի հատկացրած միջոցներով:
Կոմիտասի անվան պանթեոնի հազար քառակուսի մետր տարածքում ամենաուշը 5 տարուց արդեն կառուցված կլինի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Այսօր օրհնվեց հողը, որտեղ իրականացվելու է շինարարությունը։ Միաժամանակ՝ Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնեց նաեւ բարերարին, որի միջոցներով էլ կառուցվելու է եկեղեցին:
Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցման համար, ի դեպ, ընտրվել է այն վայրը, որտեղ ժամանակին արդեն եղել է եկեցի, բայց հիմնովին քանդվել է խորհրդային տարիներին: «Այս եկեղեցին անվանակոչվելու է Սրբոց Նահատակաց՝ ի հավերժացումն մեր նահատակների լուսեղեն հիշատակի: Եկեղեցում կառուցվելու է եւ սուրբ խորան, որը հետագայում պետք է կոչվի Կոմիտաս վարդապետի անունով»,- ասում է Վեհափառ հայրապետը։
Եկեղեցու կառուցման համար նախապես հայտարարվել էր փակ մրցույթ, հրավեր էր ուղարկվել 10 ճարտարապետի՝ ներկայացված նախագծով շահել է ճարտարապետ Արտակ Ղուլյանը: Ասում է, հատուկ մտածված է ինչպես եկեղեցու գույնը՝ սպիտակ քարից, այնպես էլ վայրը:
«Եկեղեցին իր չափերով եւ տեղադրությամբ այնպիսին է, որ Էջմիածնի խճուղուց՝ օդանավակայանից Հայաստան մուտք գործողներին երեւալու է: Աշխարհում քրիստոնյա երկրների մայրաքաղաքներում բազմաթիվ եկեղեցիներ կան, որոնք համայնապատկերում գերիշխում են: Հայաստանում, փաստորեն, այդպես չէ՝ բացառությամբ սուրբ Սարգսի: Իմ մտահղացմամբ՝ սա ոչ միայն եկեղեցի է, այլ նաեւ հուշարձան է նահատակներին, նրանց հիշատակի հավերժացմանը՝ մի նոր՝ քրիստոնեական ձեւով»,- նշում է ճարտարապետը։
Եկեղեցու կառուցման համար հստակ ժամկետ առայժմ տրված չէ, բայց ամենաուշը 5 տարուց այն արդեն պատրաստ կլինի: Հողօրհնեքի այսօրվա արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: