ՀասարակությունՑեղասպանություն 100

Նախնիների պատմությունը պետք է իմանալ դեռ մանկուց, ասում են հոլանդահայերը

sonahakobyan

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվում նաև Սփյուռքում: Միջոցառումներն ամբողջ աշխարհում սկսվել են դեռևս տարեսկզբից: Լինելով Հոլանդիայում՝ զրուցել եմ հոլանդահայերի հետ և ծանոթացել ցեղասպանության շրջանակներում իրականացվող միջոցառումների ծրագրին: «Աբովյան» մշակութային միության և Հոլանդահայ կազմակերպությունների  ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը հայտնել է, որ այս տարվա ցույցերին, հանրահավաքներին և ոգեկոչման արարողնություններին մասնակիցների թիվը անհամեմատ մեծ են, բավականին ակտիվ են նաև Նիդեռնալնդերի խորհրդարանի պատգամավորները:

Յոթ տարեկան Մասիսը ամեն տարի ապրիլի 24-ին ծնողների հետ այցելում է ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ դնում անմեղ զոհերի հիշատակին: Պարզապես, ի տարբերություն շատ հայ մանուկների, Մասիսն իր պարտքը կատարում է Հոլանդիայում: Մասիսը ծնվել և ապրում է Հաագայում, սակայն ոչ միայն հայերենի իմացությամբ չի զիջում իր հայաստանաբնակ տարիեկիցներին, այլև քաջածանոթ է Հայոց պատմությանը և, կարևորը, գիտակցում է, թե իրեն ուր են ուղեկցում ծնողներն ամեն տարի ապրիլի 24-ին:

Մասիսը, ի դեպ, միակ չէ Հոլանդիայում, որ ծանոթ է հայ ժողովրդի պատմությանը: Հայերի ցավի ու անցած ուղու մասին գիտեն բոլորը, ովքեր հաճախում են Հոլանդիայի հայկական համայնքի Աբովյան մշակութային միություն: Հատկանշական է, որ համայնքի բոլեր ներկայացուցիչները մեծ սիրով են մասնակցում համահայկական բոլոր միջոցառումներին և բավականին ակտիվ են հատկապես ցեղասպանության զոհերի հիշատակության օրերին:

Mato HakhverdyanԱմեն տարի ապրիլի 24-ին հոլանդահայերը մասնակցում են զանազան ցույցերի և ոգեկոչման արարողությունների, որոնք տեղի են ունենում եղեռնի հուշարձանի մոտ: Ցույցերը հիմնականում տեղի են ունենում Հաագայում՝ Թուրքիայի դեսպանատան դիմաց, ինձ հետ զրույցում նշեց հոլանդահայ Աբովյան մշակութային միության և հոլանդահայ կազմակերպությունների  ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը:

Եթե մինչև հիմա ամեն տարի ապրիլի 24-ին էին տեղի ունենում ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառումները, ապա այս տարի Հոլանդիայի հայկական համայնքը ոգեկոչման արարողությունները սկսել է տարեսկզբից: Օրերս հոլանդահայերը մեծ հանրահավաք են անցկացրել հենց Հաագայի կենտրոնական հրապարակում: Մասնակցել ու ելույթ են ունեցել նաև Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորներ, ովքեր շեշտել են ցեղասպանության ոչ միայն միջազգային, այլև Թուրքիայի կողմից ճանաչման անհրաժեշտության մասին:

Բանախոսները Հռոմի պապի ելույթը բնորոշել են ազնիվ և համարձակ քայլ, որը պետք է օրինակ ծառայի այլ առաջնորդների համար ևս: Ի դեպ հանրահավաքին մասնակցել ու ժխտողականությունը դատապարտել են նաև թուրք գործիչներ: Հավաքի ավարտին ավելի քան 1500 մարդ շարժվել է դեպի Թուրքիայի դեսպանատուն: Նշենք, որ վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ Հոլանդիայում ապրող հայերի թիվն անցնում է 20 հազարը: Պարոն Մաթոյի տեղեկացմամբ՝ ոգեկոչման միջոցառումները շարունակվելու են ողջ տարվա ընթացքում:

Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներից անմասն չեն մնում նաև երեխաները: Պարոն Մաթոն գտնում է, որ իրենց նախնիների մասին հատկապես օտարության մեջ ապրող հայերը պետք է իմանան դեռ վաղ տարիքից:

Back to top button