ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Մեկնարկում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա համաժողովը

Այսօր առավոտյան Երևանում՝ Մարզահամերգային համալիրում մեկնարկում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ համաժողովը, որին մասնակցելու է ավելի քան 600 ներկայացուցիչ՝ ավելի քան հինգ տասնյակ երկրներից: Բացման խոսքով հանդես կգա Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ֆորումին ելույթով հանդես կգան նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնը: Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետևանքների վերացմանը և պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր:

Նախատեսվում է խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության լիագումար նիստ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ: Նիստերը կնախագահեն միջազգային իրավունքի հայտնի մասնագետներ Լուիզ Մորենո Օկամպոն, Ջեֆրի Ռոբերտսոնը, քաղաքական գործիչներ՝ Օ դը Սեն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Ժողովրդական շարժման միություն կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանը, Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության հիմնադիր ու գործադիր տնօրեն, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Հայաստանի ազգային հերոս, Ռուսաստանի Դաշնային խորհրդի բնական մենաշնորհների հարցերով կոմիտեի նախագահ, Տեղական ինքնակառավարման հանձնաժողովի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:

Զեկույցներով հանդես կգան միջազգային իրավունքի ականավոր մասնագետներ, հայտնի պատմաբաններ, ցեղասպանագետներ, այդ թվում Ֆրանկ Չոքը, Ուիլիամ Շաբասը, Իսրայել Չարնին, Ռագըփ Զարաքոլուն, Մայքլ Բոլանդերը, Դոննա Ֆրիզը, Դոնալդ Բլոքսհամը, Ռոջեր Սմիթը, Հենրի Թերիոն, Պատրիկ Դամբըրին, Ջենգիզ Աքթարը, Էսթեր Մուջավայոն, Յաիր Աուրոնը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ միջազգային այս իրադարձությանն ուղիղ եթերում կարող եք հետևել նաև Հանրային ռադիոյի եթերում: Հանրային ռադիոն համաժողովից ուղիղ հեռարձակում է ապահովելու:  Համաժողովը հեռարձակվում է նաև առցանց՝ Հանրայնի կայք էջում՝ armradio.am հասցեի բոլոր երեք լեզուներով:

Նշենք նաև, որ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներով պայմանավորված՝ այսօրվանից մինչև ապրիլի 25-ը «Ռադիոլուր»-ն աշխատելու է եթերի արտակարգ ռեժիմով:

Back to top button