ԿարևորՀասարակություն

Եփրեմ Բ պատրիարք. Աղոթքում ենք, որ այլևս որևէ ցեղասպանություն տեղի չունենա քրիստոնյաների նկատմամբ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով, հրավերով  Հայաստան են ժամանել  Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը և Մարոնիտ Եկեղեցու առաջնորդ կարդինալ Մորան Մոր Ալ Ռայի Բուտրոսը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարի առջև դիմավորել է Ասորի Եկեղեցու և Մարոնիտ Եկեղեցիների առաջնորդներին, ապա Իջման Ս. Սեղանի առջև կատարվել է բարիգալստյան արարողություն, հայտնում են Մայր աթոռից։

«Գոհունակ սրտով ողջունում ենք ձեր ներկայությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և հոգեկան անհուն բավականություն ու մխիթարություն ենք  ապրում, քանի որ հայ ժողովրդի համար նվիրական այս օրերին, երբ պիտի համատեղ ոգեկոչենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, մեր Քույր Եկեղեցիների հոգևոր պետերն աղոթակից են մեզ այս նվիրական սրբավայրում», — ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Գարեգին Բ Վեհափառն իր խոսքում անդրադարձել է Եկեղեցիների պատմական աղերսներին, ինչպես նաև այն ամուր կապերին ու արդյունավետ փոխգործակցությանը, որոնցով հատկանշված են եղել Հայ Եկեղեցու հարաբերությունները  Քույր Եկեղեցիների հետ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը:

«Մենք այսօր այս սուրբ վայրում խոնարհվում և հարգանքի տուրք ենք տալիս Հայոց Ցեղասպանության նահատակներին և աղոթում, որ այլևս որևէ ցեղասպանություն տեղի չունենա քրիստոնյաների նկատմամբ», — նշել է Համայն Արևելքի Պատրիարք Իգնատիուս Եփրեմ Բ- ը՝ հավելելով, որ մեր ժամանակներում էլ ցեղասպանությունները չեն դադարել. ասորի ժողովուրը կրկին մարտիրոսվում է և իր արյունը թափում քրիստոնեության պահպանության համար:

Back to top button