Հասարակություն

Հայաստանում համաներումն անհրաժեշտություն է, կարծում են իրավապաշտպանները

lusinevasilyan
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարծում են, որ Հայաստանում համաներման անհրաժեշտություն կա: Տեսակետն  այսօր հնչել է թեմայի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ: Փաստաբան Լուսինե Սահակյանն այդ անհրաժեշտությունը հիմնավորում է հանգամանքով, որ քրեակատարողական հիմնարկներում իրական քայլեր գերծանրաբեռնման հարցը լուծելու ուղղությամբ չեն ձեռնարկվում: Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ կարծում է, որ  համաներման բուն էությունը Հայաստանում չի ընկալվում: Քննարկման մասնակիցները նաև նշել են, որ ‘ Ցեղասպանության 100-րդ և  Հայրենականի  70-րդ տարելիցները  թույլ են տալիս մտածել հնարավոր նոր համաներման մասին:

 

Անկախացումից ի վեր Հայաստանում 9 անգամ համաներում է անցկացվել: Սա, ըստ մասնագետների, փոքր թիվ չէ. միջինացված հաշվարկով ստացվում է, որ անկախության 24 տարիների ընթացքում 3 տարին մեկ անգամ  համաներում է եղել: Վերջին շրջանում կրկին քննարկվում է նոր՝ տասներորդ  համաներումն անցկացնելու հնարավորությունը:

Հաճախակի համաներումները, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի գնահատմամբ, կոմպրոմիսի յուրօրինակ դրսևերում են հասարակության և իշխանությունների միջև:

«Մի պահ պատկերացրեք, որ Հայաստանն իրավական կայացած պետություն է՝ անկախ, անաչառ դատական համակարգով,  որտեղ բազմաթիվ արդարացման վճիռներ են կայացվում, կալանքը հազվադեպ է կիրառվում որպօես խափանման միօջոց և որտեղ ճկուն գործում են վաղաժամկետ ազատման մեխանիզմները»:

Այն երկրներում, որտեղ այս  պայմաններն ապահովված են,  համաներումը կիրառվում է հազվադեպ և բացառիկ դեպքերում:  Մեր  արդարադատությունն առայժմ այս չափանիշները լիարժեք չի ապահովում. արդարացման դատավճիռներն ամբողջի 1-1.5 տոկոսն են կազմում, վաղաժամկետ ազատման համակարգը գրեթե չի գործում, կալանքը կիրառվում է համատարած:  Այս պայմաններում  համաներումն, ըստ Ավետիք Իշխանյանի, դառնում է անհրաժեշտություն:

Համաներումը պետք է իրականացվի ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի կամքով՝ ասում է իրավապաշտպան  Արտակ Զեյնալյանը: Նրա գնահատմամբ՝ համաներման գաղափարը արժեզրկված է, դրա   բուն էությունը Հայաստանում չի ընկալվում՝ այս քայլը դարձնելով   մեխանիկական արարողակարգ:

Արդյունքում, համաներումը դառնում է պատրվակ կամ միջոց  բանտերը բեռնաթափելու համար՝ ասում է Արտակ Զեյնալյանը: Փաստաբան Լուսինե Սահակյանը նույնպես համոզված է ՝համաներման կարիք Հայաստանում կա:

«Հայաստանում համաներում հայտարարելու անհրաժեշտություն կա, քանի որ մենք չենք տեսնում իրական քայլեր  ՔԿՀ-ներում գերծանրաբեռնման հարցը լուծելու ուղղությամբ»:

Իսկ քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման, ծանրաբեռնվածության մասին խոսվում է արդեն մի քանի տարի: Իշխանությունները քայլեր են մատնանշում, որոնցով փորձում են լուծել խնդիրը, քայլերից մեկն էլ, ի դեպ, նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումն է: Չնայաց այդ քայլերին ու վստահեցումներին ՝ իրավապաշտպանները շարունակում են մտահոգության առարկա համարել գերբնակեցումը: Խնդիրը հատկապես սուր է դրանցից մի քանիսում, օրինակ՝ Նուբարաշենում:

Թե ինչ բովանդակություն, ծավալներ կարող է ունենալ առաջիկա հնարավոր համաներումը, հստակ կարող է դառնալ միայն այն ժամանակ, երբ համապատասխան տեքստը ներկայացվի ԱԺ:  Բայց մինչ այժմ իրականացված համաներումների փորձը վերլուծելով՝  փաստաբանը  նկատում է. հասկանալի չէ, թե որն է որդեգրված քաղաքականությունը համաներումներ անցկացնելու հարցում,  խնդրահարույց է նաև այն, որ Հայաստանում չկա միասնական մոտեցում՝ որ հոդվածների վրա համաներումը կարող է տարածվել և որոնց վրա՝ ոչ:

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը քննարկման մասնակիցներից միակն էր, որ այնքան էլ չէր կիսում տեսակետը, թե համաներման անհարաժեշտությունը հիմնավորվում է դատարանների թերի աշխատանքով: Նրան դիտարկմամբ՝ համաներումը  քաղաքական նախաձեռնություն է, իրականացման ձևով ՝ իրավական, բայց գործընթացն ունի  նաև սոցիալական, տնետսական բաղադրիչներ: Ամենակրևորը, սակայն, նրա գնահատմամբ համաներման բարոյահոգեբանական նշանակությունն է: Իսկ այդ առումով այս տարի առիթներ կան:

«Եվ Ցեղասպանության 100-րդ տարելիցի, և Երկրորդ համաշախարհայինի 70-րդ տարելիցի կապացությամբ, կարծում եմ, նման ակցիա պետք է իրականացնել»:

Back to top button