Սոչիում Հայոց ցեղասպանություն 100- րդ տարելիցին նվիրված թեմատիկ բաներները ապամոնտաժվել են, հիշատակի միջոցառումների կազմակերպիչները՝ զգուշացվել
Ռուսաստանի հայերի միության Սոչիի մասնաճյուղը եւ «Ժողովրդական հիշողություն» հասարակական շարժումը պետք է ապամոնտաժեն Սոչիի Ադլերի եւ Կենտրոնական շրջաններում ու Դոգոմիս ավանում տեղադրված Հայոց ցեղսպանությանը նվիրված բաներները, որոշվել է ՆԳ վարչության խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները, հայտնում է «Вести Кавказа»- ն։
Տեղի իշխանությունները մինչ այդ նաեւ արգելել էին Սոչիի նավահանգստի Հարավային հատվածում ապրիլի 18- ին կազմակերպված հիշատակի միջոցառումները։
Սոչիի ոստիկանապետ Օգուրցովը հայ համայնքին հասցեագրված ծանուցման մեջ նշել է, որ համաձայնեցված են Սոչիում, Վոլկոնկայում, Նոր Լուիսում եւ Հայ առաքելական եկեղեցիներում ապրիլի 24- ին կայանալիք հիշատակի միջոցառումները։ Նա նախազգուշացրել է, որ սահմանված վայրի, տեղի եւ ձեւաչափի խախտումը կհետապնդվի ծայրահեղականության եւ ահաբեկչության հակազդման օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը նշում է, որ իրավապահ մարմինների որոշումը համայնքի բացասական վերաբերմունքին է արժանացել։ «Մենք չենք կարող պատկերացնել, թե զոհերի հիշատակի օրվան նվիրված բաներներն ինչպես կարող են առնչվել ծայրահեղականության ու առավել եւս ահաբեկչության հետ։ Ում եւ ինչպես կարող էր խանգարել ապրիլի 18- ին նավահանգստում հիշատակի ակցիան։ Մեզ ոչինչ չեն բացատրել, տվել են փաստաթուղթ, հանել են բոլորը (բաներները. խմբ.)։ Գովազգային գործակալությունները, որոնք տեղադրել էին բաներները, վերադարձրել են գումարները։ Նրանք ներողություն են հայտնել եւ հասկացրել, որ եղել է «վերեւների ցուցումը»,- հայտնել է Հայ երիտասարդության կոնգրեսի Սոչիի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Արթուր Գեւորգյանը։
Նա հերքել է ԶԼՄ- ների հաղորդումները, թե հասարակական գործիչները համաձայնել են իշխանությունների որոշմանը եւ հայտարարել, որ իրենք կցանկանային լսել Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովի բացատրությունը՝ հատկապես ապրիլի 24- ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Երեւան այցի նախօրեին։