Քաղաքական

ԵԽԽՎ նախագահի՝ ԼՂ խնդրի մասին ձեւակերպումները զայրացրել է Ադրբեջանին

ԵԽԽՎ նախագահ  Էնն Բրասսերը այսօր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի առաջին օրը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը:Պաշտոնյան ընդգծել է, որ ելքը իրավիճակից կարող է լինել միայն կողմերի միջև երկխոսությունը: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` Բրասսերն ասել է, որ անհրաժեշտ է վճռականորեն դատապարտել հակամարտությունները, որոնց հետևանքով այդքան մարդ բռնի տեղահանվել է և դարձել է փախստական:

Իսկ ահա պաշտոնական Բաքուն  ԵԽԽՎ-ին մեղադրում է  հայկական դիրքորոշումներին սատարելու մեջ. Կառույցում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչ Էլհան Սուլեյմանովը ԵԽԽՎ նախագահին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի տարածքների «բռնազավթման» փաստը  հերքելու մեջ:

Այդ առիթով Սուլեյմանովը նամակ է հղել Էնն Բրասսերին: Խոսքը մասնավորապես ԵԽԽՎ պաշտոնակայն կայքէջում զետեղված հաղորդագրության մասին է «ԵԽԽՎ նախագահը հավանության է արժանացնում Հայաստանի առաջընթացը բարեփոխումների ճանապարհին» վերտառությամբ, որում Էնն Բրասերը երկու անգամ  գրել է «ղարաբաղյան հակամարտություն», մինչդեռ Ադրբեջանը պահանջում է, որ լինի «Լեռնային Ղարաբաղի և 7 այլ շրջանների բռնազավթում» ձևակերպումը:

Սուլեյմանովը կոչ է արել ԵԽԽՎ նախագահին այսուհետև մամուլի հաղորդագրություններում օգտագործել ճիշտ, այն է՝ ադրբեջանահաճո ձևակերպումներ: Սուլեյմանովի խոսքով՝ ԵԽԽՎ տերմինաբանությունը պետք է համապատասխանի հարցի վերաբերյալ կառույցի պաշտոնական որոշումներին:

Back to top button