Հասարակություն

Ամերիկյան մասնագետները Հայաստանում բարդ վիրահատություններ են կատարում

lianaeghiazaryan

Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում օրերս կատարվել է բացառիկ վիրահատություն, երբ միանգամից էնդոպրոթեզավորում են մարդու երկու ծնկները: ԱՄՆ-ից Հայաստան ժամանած մասնագետները այս եւ եւս 16 բարդ վիրահատություն են կատարել  բարեգործական հիմունքներով։

Տիկին Ելիզավետան 3 տարի առաջ ավտովթարից հետո տեղաշարժման լուրջ դժվարություններ ուներ: Կնոջ խնդիրներն արդեն հետեւում են: Բժիշկները խոստացել են` 6 շաբաթ հետո ինքն արդեն լիովին կազդուրված կլինի ծնկի էնդոպրոթեզավորման խիստ բարդ, բայց հմուտ մասնագետների կողմից հաջողությամբ իրականացված վիրահատությունից հետո:

Ելիզավետա Մկրտչյանը մեկն է այն 17 հիվանդներից, ում վիրահատել են ԱՄՆ-ից ժամանած վիրաբույժները: «Երեք տարի առաջվա ավտովթարից հետո ես տանջվում էի: Քայլել չէի կարողանում: Ապրիլի 14-ին վիրահատվել եմ: Այժմ ինձ լիարժեք մարդ եմ զգում: Իհարկե՝ ցավեր ունեմ, բայց զգում եմ, որ կարող եմ հենվել ոտքիս վրա»,- ասում է:

Ինչպես տիկին Ելիզավետայի, այնպես էլ տիկին Հասմիկի շնորհակալություններն ուղղվում են դեպի «Նաիրի» բուժկենտրոն: Հենց այս բուժկենտրոնն է ընտրվել բարեգործական ծրագիրն իրականացնելու համար` հաշվի առնելով թե հաստատության բարձրակարգ պայմանները, թե մասնագետների պատրաստվածության բարձր մակարդակը:

Վիրահատություններն անցկացնում են ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքի Սքրիփս Գրին բժշկական կենտրոնի օրթոպեդ-վիրաբույժ Սթիվեն Քոփը եւ Կալիֆորնիայի համալսարանի Սան Դիեգո քաղաքի “Moor” քաղցկեղի կենտրոնի (UC San Diego Moores Cancer Center) օրթոպեդիկ բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Աննա Քուլիջյանը: Բոլոր վիրահատություններն իրականացվում են Stryker համաշխարհային բժշկական ընկերության վիրահատական գործիքներով եւ ծնկային հոդերի իմպլանտներով, որոնք ընկերությունը տրամադրվել են Trek2share բժշկական բարեգործական գրանտային ծրագրի շրջանակներում:

Աննա Քուլիջյանի խոսքով, այս ծրագիրը թույլ է տալիս օգնել հոդային խնդիրներով տառապող մարդկանց, ովքեր թանկարժեք վիրահատությունների եւ հոդերի փոխարինման հնարավորություն չունեն:

Բժիշկ Քոփը երկրորդ անգամ է Հայաստանում: Կալիֆորնիայում բացառիկ վիրաբուժական միջամտությունների բացառիկ հաջողություններով հայտնի մասնագետն իր այս մեկշաբաթյա այցի շրջանակներում հասցրել է բարձր գնահատել հայ մասնագետների «հմուտ ձեռքը»:

«Այստեղ շատ են լավ մասնագետները, բայց նրանք չունեն այն հնարավորությունները, ինչ մենք այնտեղ` Միացյալ Նահանգներում: Միայն վիրահատությունների թվի տարբերությունն արդեն խոսում է դրա մասին: Կալիֆորնիայում 3.4 մլն մարդ է ապրում, այնքան, որքան Հայաստանում: Այնտեղ տարեկան ծնկի հոդի պրոթեզավորման շուրջ 15 հազար վիրահատություն է արվում, իսկ Հայաստանում`ընդամենը 300»,- ասում է:

Ծնկոսկրի էնդոպրոթեզավորման կարիք ունեցող հիվանդներն այս նախաձեռնության մասին տեղեկացել են հայտարարություններով, նախապես գրանցվել են: Վիրահատվողներին ԱՄՆ-ում աշխատող մասնագետներն իրենք են ընտրել` ըստ վիրահատության բարդության եւ բացառիկության: 17 մարդու վիրահատությունն իր ծախսերով ու պրոթեզավորման սարքերով ընդհանուր առմամբ արժեցել է շուրջ 500 հազար դոլար:

Մասնագետները խոստանում են Հայաստան այցելել  երկու տարի հետո։ Այդ ընթացքում հիվանդները կրկին կարող են հերթագրվել: Բժշկուհի Աննա Քուլիջյանը, ով ապրում եւ աշխատում է հենց Կալիֆորնիայում, Կալիֆորնիայի համալսարանի օրթոպեդիայի, ուռուցքաբանության եւ էնդոպրոթեղների բաժանմունքի վարիչն է,ղեկավարում է նաեւ տարբեր երկրների նվիրատվություններ ու բարեգործություններ կատարող միջազգային կազմակերպություն, նաեւ Հայաստանն է դրել իրենց ծրագրերի առանցքում: Ասում է` բժշկությունն օր օրի նոր նվաճումներ է ունենում, իրենք նաեւ փորձում են նպաստել նոր ձեռքբերումների տարածմանը ու մասնագետների վերաորակավորմանը, ինչն ամենաուղիղ իմաստով մարդկանց կյանքին նոր որակ է հաղորդում։

Back to top button