Դժվար է, բայց ոչ՝ անհնար. դեռեւս հնարավոր է հյուրանոցի համար ամրագրել
Ապրիլի 20-26 ընկած ժամանակահատվածում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Երևանում հարգանքի տուրք մատուցել ցանկացող օտարերկրացիներն ու սփյուռքի մեր հայրենակիցները դեռ կարող են մայրաքաղաքում հյուրանոցային ազատ համարներ պատվիրել: Հայաստան այցելող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված բոլոր հարցերը հավուր պատշաճի են բերված, իսկ անհատների հետ կապված որոշ մտահոգություններ արդեն ի հայտ են գալիս: «Ռադիոլուր»-ի անդրադարձը մտահոգությունների հետքերով է:
Երևանի բարձրակարգ հյուրանոցներում ապրիլի 22- 25 ընկած ժամանակահատվածի համար ազատ տեղեր գտնելը դժվար է, դժվար է, բայց ոչ անհնարին: Դժվարությունների կհանդիպեն հատկապես նրանք, ովքեր ոչ թե մեկ կամ երկու հոգով են Հայաստան այցելելու, այլ ասենք տասը հոգով, կամ ավելի մեծ խմբով: Պատահականության սկզբունքով զանգահարեցինք Երևանում հայտնի տուրիստական գործակալություններից մեկին ու հենց նրանց հետ զրույցներից էլ պարզ դարձավ, որ ազատ տեղեր իսկապես չկան: Համենայնդեպս նրանք մեզ համար առաջարկներ գրեթե չունեին:
Երբ մեր հարցադրումները փոխանցեցինք Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանին , նրա արձագանքը հետևյալն էր « Զբաղված են, ոչ թե փակ, զբաղված են արդեն եկող հյուրերով»: Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը նաև անկեղծացավ, շատ ժամանակ, հայ պաշտոնյաները գործուղումների գնալիս, զարգացած երկրներում էլ են նման խնդիրների առջև կանգնում:
«Շատ-շատ հյուրանոցներ կան, որտեղ նույնպես տեղերի խնդիրներ են լինում: Միշտ շատ պիկ սեզոններին կամ մեծ միջոցառումների ժամանակ դա այդպես է, որ մեծ քանակի այցելությունների ժամանակ, եթե տեղերի խնդիր լինի, դա արտառոց մի բան չէ: Մտահոգությունները հասկանալի է, սակայն, համենայնդեպս եկողներից դեռևս չենք լսել, որ մարդիկ ուզում են գալ, սակայն, տեղ չկա»:
Հիմնականում ամբողջովին զբաղված են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցները: Սակայն, դրանիցից մեկում օրինակ, մեզ մեկ համար առաջարկեցին, յուրաքանչյուր օրվա համար 130 հազար դրամ վճարելու դիմաց: Երևանը շուրջ 120 հյուրանոցային տնտեսություն ունի, որոնցից մոտ 70-ը հյուրանոցներ են, ընդհանուր առմամբ՝ շուրջ 5500 ննջատեղերով: Թվերի մեջ ներառված չեն վարձով տրվող բնակարանները, հյուրանոցային տնտեսությունում այս ճյուղը ևս զարգանում է: Մեր խնդրանքով, էկոնոմիկայի նախարարության զբոսաշջության վարչության պետը օն-լայն տարբերակով փորձեց պարզել, թե ապրիլի օրինակ, ապրիլի 20-ին Հայաստան այցելել ցանկացող որևէ քաղաքացի կկարողանա հյուրանոցային ազատ համար գտնել, թե ոչ: Պարզվեց, որ ոչ շատ, սակայն, մի քանի հյուրանոցներում մեկ –երկու ազատ համարների առաջարկներ դեռ կան նաև ապրիլի 23-ին.
«Ես նայում եմ www.booking.com Երևան, ամսի քսանին 35 հազարով մի համար կա, գների էական փոփոխություններ չունեն, կարող ենք համեմատել , շատ մեծ համեմատություն ոնց որ թե չկա: Ապրիլի 23-ով, օրինակ, Park Hotel Yerevan-ում մեկ ազատ համար կա՝ 35 հազար դրամով»:
Մեխակ Ապրեսյանը փոխանցեց նաև, որ ոչ բոլոր հյուրանոցներում, սակայն, գնային փոփոխություններ այդուհանդերձ նկատելի են : Մինչև տասը տոկոս գների աճը, սակայն, ոչ թե կոնկրետ այս օրերի հետ է կապված, այլ՝ զբոսաշրջության ակտիվ սեզոնի առկայությամբ: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք նաև, որ որոշ հյուրանոցներում համեյանդեպս օն-լայն առաջարկներում որոշ զեղչեր նախատեսված են ապրիլյան այս օրերի համար: Հետաքրքիր է, սակայն, այս օրերին զբոսաշրջիկներին ճկուն գնային առաջարկ են ներկայացնում հատկապես Ծաղկաձորի հյուրանոցները:
Նյութը պատրաստելիս համացանցում գտանք նաև մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի հայտարարությունը՝ Ապրիլի 24-25-ին հյուրանոցներից մեկը նվիրում է մեկ ԱՆՎՃԱՐ օր՝ Հայաստան ժամանած բոլոր հյուրերին, ովքեր կգան հարգելու հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ ամփոփենք թեման.
«Հիմա մենք տեսանք, այնպես չէ, որ ընդհանրապես ազատ տեղեր չկան, ոչ շատ, սակայն, դեռևս տեղեր կան, և հուսով ենք, որ կկարողանանք հյուրընկալել: Կարևորը, որ հայ ազգը միշտ հայտնի է եղել իր լեգենդար հյուրընկալությամբ և այդպիսին կլինենք, ով էլ որ այցելի Հայաստան, այստեղից գոհ կգնա: Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք այդ ուղղությամբ»: