Ոչ թե 12-ամյա պարտադիր կրթություն, այլ կրթության որակի բարձրացում
9-ամյա կրթությունը բավարար ցենզը չէ, որը կարող է ապահովել շրջանավարտների մոտ այն կրթական մակարդակը, որից հետո կարողանան մասնագիտական կրթություն ստանալ: «12-ամյա պարտադիր միջնակարգ կրթության ներդրումը. առավելություններ և խնդիրներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը: Քննարկմանը ներկա ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն էլ ողջունեց 12-ամյա կրթության օրենքի ընդունումը, բայց կարծում է, 12-ամյա պարտադիր կրթության օրենքը ընդունելով՝ մեր իշխանությունները ստանձնում են լուրջ պատասխանատվություն՝ ներդրումներ անելու ոլորտում:
Հանրակրթական ոլորտում չեն դադարում քննարկումները 12-ամյա պարտադիր կրթության հարցի շուրջ: Այն, որ հանրապետությունում 9-ամյա պարտադիր կրթության փոխարեն գործելու է 12-ամյա կրթության համակարգը, դպրոցներում տեղյակ էին մեկ տարուց ավել: Շատերը կարծում էին, որ հարցը այդպես էլ օրակարգային չի դառնա: Սակայն երբ ԱԺ-ում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագիծն, որ առաջիկա 5 տարում կրթության ոլորտի կարևորագույն փոփոխություններից մեկը պարտադիր կրթության շեմի բարձրացումն է սկսեցին տարաբնույթ փաստարկներով ապացուցել, որ 12-ամյա կրթության պարտադրանքն անիմաստ է: Օրինակ չափահաս տղային կամ աղջկան ոչ ոք չի կարող պարտադրել դպրոց հաճախել, եթե, ասենք, նույն այդ քաղաքացին ունի սոցիալական խնդիրներ, և աշխատելու նպատակ: Կարծիքը կարծիք, բայց օրենքը մնում է օրենք: Այսպիսով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտելուց հետո պարտավոր կլինի կրթությունը շարունակել կամ ավագ դպրոցում, կամ նախնական ,կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:
«Սա նշանակում է, որ բարձրացնելու ենք հասարակության կրթական ցենզը՝ միաժամանակ լուծելով սոցիալական խնդիր: Մասնագիտական կրթությունը լինելու է անվճար. այս ոլորտում մենք անցնելու ենք տոտալ անվճար համակարգի»,- հայտարարել էր նախարար Արմեն Աշոտյանը: Վիճակագրական տվյալների համաձայն՝ տարեկան 9-րդ դասարանն ավարտող շուրջ 4 հազար շրջանավարտ չի շարունակում կրթությունը: Որպես այդ ծրագրի իրականացմանը միտված առաջին քայլ պետք է համապատասխան օրենք ընդունվի:
Այսօր «Մեդիա» կենտրոնում կազմակերպել էր քննարկում «12-ամյա պարտադիր միջնակարգ կրթության ներդրումը. առավելություններ և խնդիրներ» թեմայով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը: Նրա խոսքերով՝ 9-ամյա կրթությունը այն բավարար ցենզը չէ, որը կարող է ապահովել շրջանավարտների մոտ այն կրթական մակարդակը, որից հետո կարողանան մասնագիտական կրթություն ստանալ:
Քննարկմանը ներկա ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ նույնպես ողջունեց 12-ամյա կրթության օերնքի ընդունումը, բայց «12-ամյա պարտադիր կրթության օրենքը» ընդունելով՝ մեր իշխանությունները ստանձնում են լուրջ պատասխանատվություն՝ ներդրումներ անելու ոլորտում:
Քննարկմանը ներկա Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը, ով կողմ է 12-ամյա կրթությանը, դեմ է դրա պարտադիր բաղադրիչին ինչպես դպրոցում, այնպես էլ կենսաթոշակային համակարգում և այլուր։ Ասում է, որ կրթությունը պետք է դնել ոչ թե պարտադիրի վրա, այլ հետաքրքրասիրության վրա, պետք է մտածենք, թե ինչպես պետք է դպրոցը դարձնենք ավելի հետաքրքիր»:
«Մեզ պետք չեն դպրոցներ, որտեղ պետք է երեխաները ֆիզիկապես ներկա լինեն, այլ որտեղ երեխաները պետք է լիարժեք սովորեն»:
Ի դեպ, Ազգային ժողովում, երբ քննարկվում էր օրենքը շատ պատգամավորներ դեմ արտահայտվեցին, մասնավորապես պատգամավոր Արամ Մանուկյանը նկատեց, որ 19 տարեկան քաղաքացին, ով գտնվում է սոցիալական ծանր վիճակում ուզում է աշխատել և իրեն արդեն չի հետաքրքրում 12-ամյա պարտադիր կրթությունը: Հետևաբար պետք է ոչ թե պարտադրել, այլ երաշխավորել: Պատագամավորը կարծիքով այն դառնալու է բյուրոկրատիայի, կոռուպցիայի, ավելորդ վարչարարության միջոց, որ պարտադրեն, խեղճացնեն քաղաքացուն: Բացի դա բացիթող վիճակում են հայտնվում գյուղական դպրոցները,նրանց կրթությունը կազմակերպելը ևս մեկ սոցիալական ծախս է հանդիսանում ծնողների համար: Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ասում է, որ շատ երեխաներ այսօր դպրոցից դուրս են գալիս, որպեսզի գնան աշխատեն, նրանց այսօր անհրաժեշտ է օրվա հացի, ապրելու գումար, որը պետք է հաշվի առնել:
«Մենք ունենք գյուղեր, որտեղ հանրային տրանսպորտ չկա, ու այս երեխան ուզում է գնալ արհեստագործական ուսումնարան, որը գտնվում մարզկենտրոնում, ոնց եք պատկերացնում մարզկենտրոն հասնելու համար 15 տարեկան գյուղի աղջիկը պետք է դուրս գա մայրուղի ու պատահական մեքենայով հասնի մարզկենտրոն»,-ասաց Սերոբ Խաչատրյանը:
Հարցին, թե դպրոցից միանգամից բանակ զորակոչվելով ինչ խնդիրներ կառաջանան՝ Ա. Բախշյանը պատասխանեց, որ չի խանգարում, մինչև դպրոցը չավարտեն, բանակ չեն գնա, այսինքն պարտադիր սահմանված կրթությունը չի ընդհատվում: