Կառավարության նախորդ նիստի ընթացքում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի դժգոհությունը հարուցած ու նրա առաջարկով օրակարգից հանված օրենսդրական փաթեթն այսօր գործադիրի նիստում հաստատվել է՝ առանց նախարարի ներկայության: «Մեկ շաբաթ անց նախագիծն առանց որևէ փոփոխության է հաստատվել»,- այս մասին «Ռադիոլուր»-ին օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանն է փոխանցել, ով նաև տեղեկացրել է, որ նախորդ մեկ շաբաթվա ընթացքում իրենց կենտրոնի փորձագետներն ու ֆինանսների նախարարության ներկայացուցիչները միասին որևէ հարց չեն քննարկել: «Սա մաքսիմալ պարզ հարկ է, սրանից ավելի պարզ միայն հարկերից ազատումն է»,- հայտարարել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենը: Կառավարությունը նաև որոշել է՝ 2015թ. ապրիլ ամսվա ընթացքում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները ՀՀ համապատասխան գործադիր մարմինների և կազմակերպությունների հայտերի հիման վրա ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրք չեն վճարի:
Կոշկակար, դերձակ, կրկնուսույց ու ոչ միայն, օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը փորձում է նրանց հարկային դաշտ բերել, այլ կերպ ասած՝ օգնել, որ արդեն եղած հարկատեսակն ի վերջո կիրառվի: Օրենսդրական խնդրահարույց նախագիծն այսօր ընդունվեց, հիշեցնեմ, նույն այս փաթեթը կառավարության նախորդ նիստին օրակարգից հանվեց ՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի առաջարկով, ով անհանգիստ էր, քանի որ նրա ձևակերպմամբ, «ֆինանսական լրացուցիչ բեռ է ավելանալու հասարակության համար»:Ուղիղ մեկ շաբաթ անց՝ կրկին կառավարության նիստում, սակայն, արդեն առանց նախարարի, փաթեթը հաստատվեց: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանի փոխանցմամբ, սա նախորդ նիստին ներկայացրած նույն փաթեթն է՝ առանց որևէ փոփոխությունների: Մեկ շաբաթվա ընթացքում կենտրոնի փորձագետներն ու ֆինանսների նախարարության ներկայացուցիչները որևէ հարց միասին չեն քննարկել: Արմեն Եղիազարյանը շարունակում է պնդել՝ ոչ նոր հարկ են սահմանում, ոչ էլ հարկային բեռն են ավելացնում, պարզապես պետք է կիրառվի այն, ինչը թղթի վրա գրված է: Կենտրոնի տնօրենի համոզմունքը մեկն է՝ եթե որևէ մեկը բիզնես գործունեությամբ է զբաղվում, պետք է հարկ վճարի:
Մինչ այժմ ֆիզիկական անձինք գրանցվում էին հարկային մարմիններում ու հաշվառման համար ստանում: Արմեն Եղիազարյանը հիշեցնում է, որ ներկայիս օրենսդրությամբ չկիրառվող , սակայն, 9 մլն դրամ շրջանառության շեմ է սահմանված, իսկ եթե ինչ-որ բան գրված է օրենքում, գուցե նաև մի օր կիրառվի ու ֆիզիկական անձը նաև հաշվետվություն ներկայացնելու պահանջ ներկայացվի: Կենտրոնն առաջարկում է հանել շրջանառության շեմը: Օրենսդրական փոփոխություններից հետո նրանք, ովքեր արտոնագիր չեն ունենա, կտուգանվեն:
Եղիազարյանը նաև խոստանում է՝ նոր նախաձեռնությունը բողոքի նոր ալիք չի բարձրացնի: ՕԿԱԿ ներկայացրած փաթեթում ռիսկեր տեսնող ու մտավախություն ունեցող ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի փոխարեն կառավարության նիստին ներկա, նրա տեղակալ Վախթանգ Միրումյանի ներկայացրած նախագծով ԼՂՀ կառավարությանը 20,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով բյուջետային վարկ տրամադրել: Միրումյանը ներկայացրեց նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկը՝ որոշ ապրանքների մասով նվազեցնել ԱԱՀ-ի շեմը: Գործադիրում կարծում են, որ վերջնական սպառման ապրանքների մասով ԱԱՀ դրույքաչափի շեմի փոփոխությունը գների էականորեն նվազեցման չի բերի: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկից գոհ է, սակայն, անհասկանալի հարցեր դեռ կան:
«Ուղղակի հաշվարկի մասին պետք է հասկանանք, ընդհանուր շղթան դիտարկենք, ու եթե կարողանանք առանջային ապրանքները որևէ կերպ որշում կայացնենք, իմ կարծքիով նաև սոցիալականխնդիր կլուծենք»:
Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Երևան-Երասխ -Մեղրի- Գորիս -Իրանի սահման ավտոճանապարհների որոշ հատվածների վիճակից է դժգոհ, նշված ճանապարհի առանձին հատվածների երթևեկելի մասերի փոսային հատվածները նախատեսվածից 2,5 անգամ շատ են, քիչ են՝ ֆինանսական միջոցները: Նախարարությունը ի վիճակի չէ Ճանապարհներն ամբողջովին վերանորոգել: Փոսային նորոգման աշխատանքներ կիրականացնեն՝ այսօր տրամադրված շուրջ 54 մլն դրամով: Հովիկ Աբրահամյանը ճանապարհների վատ վիճակից տեղյակ է՝ նկարներն է տեսել:
Գործադիրում ու հատկապես գյուղատնտեսության նախարարությունում կշարունակեն պայքարել լոլիկի ցեցի դեմ: Այսօր հաստատվեց ՀՀ-ում լոլիկի ականող ցեց ու կարտոֆիլի ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը:
Մեր երկրում Եկամտային հարկ գանձվում է անգամ գայլ վնասազերծած որսորդների պարգևավճարներից, արդյունքում խոստացված ու հայտարարված 100 հազար դրամի փոխարեն նրանք 75 հազար դրամ էին ստանում, այս տարի բնապահպանության նախարարությունը որոշել է գումարն ավելացնել՝ դարձնելով 123 346 դրամ, որից 23 346 դրամը կհրակվի, բնակիչները առձեռն կստանան 100 հազար դրամ: Այս նպատակով կառավարությունը բնապահպանության նախարարությանը շուրջ 25 մլն դրամ գումար հատկացրեց: Որսված գայլերը որսորդները բնապահպանության նախարարության աշխատակիցներին ներկայացնում են ամեն հինգշաբթի՝ ԳԱԱ-ում:
ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015/2016 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների, հաստատվեցին նաև բուհերի՝ բակալավրի, անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2015/2016 ուս.տարվա առկա ուսուցմամբ, ինչպես նաև ասպիրանտուրայի, օրդինատուրայի, ՀՀ պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրայի, դոկտորանտուրայի ընդունելության տեղերը: Գործադիրը ընդունեց նաև պետական գույքի կառավարման 2015-2017թթ. ծրագիրը, որը գործելու է 2015թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը: