Անակնկալ հայ զինվորին. Civil Voice-ի նոր նախաձեռնությունը
Անակնկալ` մեր սահմանների պաշտպաններին: Հայ զինվորներին հուշանվերներ, հիգիենայի պարագաներ, պարզապես ջերմ նամակներ ու քաղցրավենիք կարելի է փոխանցել «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» նախաձեռնության հերթական ակցիայի շրջանակներում: Երեւանի Հանրապետության հրապարակում ապրիլի 19-ին տեղադրվելու է Civil Voice հասարակական կազմակերպության արկղը, որում անցորդներն իրենց նվերները կարող են թողնել սահմանը հսկող զինվորների համար: Civil Voice-ը նոր նախաձեռնություն է հանդես բերել նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Երբ երեւանյան փողոցներում մեքենաների ետնապակիներին հայտնվեց «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» գրառումը, շատերը ժպիտով շրջվեցին այդ մեքենաների ետեւից` հայ զինվորին ուղղված իրենց շնորհակալ ժպիտով: Լայն արձագանք գտած «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» նախաձեռնությունը շարունակվում է: Հիշեցնեմ` այսպես է կոչվում Civil Voice հասարակական կազմակերպության կողմից անցկացվող ակցիան, որի նպատակը սահմանային գոտում ծառայող զինվորներին անակնկալ մատուցելն է: Գաղափարն առաջացավ անցյալ տարվա օգոստոսյան դեպքերից հետո: Սահմանային լարվածության աճի պայմաններում բոլորն աղոթում էին հայ զինվորի ու մեր սահմանների ամրության համար:
Շատերի անունից սեր, ջերմություն ու աջակցություն փոխանցելու նպատակով նախաձեռնության նախորդ երկու ակցիաներն անցկացվել են Արարատի եւ Տավուշի երկու զորամասերում: Հերթական ակցիան կազմակերպվում է այս կիրակի:
Երեւանի Հանրապետության հրապարակում ապրիլի 19-ին տեղադրվելու է Civil Voice-ի արկղը, որում անցորդներն իրենց նվերները կարող են թողնել սահմանը հսկող զինվորների համար: Հայ զինվորը հասարակության աջակցությունն ունի, անշուշտ: Այն արտահայտել կարելի է նաեւ այս եղանակով` հուշանվերներ, հիգիենայի պարագաներ, պարզապես ջերմ նամակներ ու քաղցրավենիք, որոնք կփոխանցվեն հայ զինվորին:
Civil Voice-ը հանդես է գալիս եւս մեկ ծրագրով` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Հասարակական կազմակերպության մամուլի քարտուղար Ժիրայր Ոսկանյան:
«Շուրջ 16 հազար նամակ ենք ուղարկելու ԱՄՆ-ի, Իտալիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքական, հասարակական սեկտորին, մշակութային հատվածին: Հիմնական նպատակն է այդ երկրների ակտիվ զանգվածի հետ գործակցության նոր եզրեր գտնել, Ցեղասպանության թեմայի շուրջ իրազեկումը բարձրացնել: Թիրախավորել ենք այն երկրները, որոնք պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը կամ որտեղ իրազեկման մակարդակը ցածր է»: