ՀասարակությունՑեղասպանություն 100

Կոչ-նամակ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը. երիտասարդները պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

aidaavetisyan

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները այսօր բողոքի ձայն են բարձրացրել  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև՝ պահանջելով  ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ՀՅԴ երիտասարդական և  ուսանողական  միություններն աշխարհի  17 երկրների ԱՄՆ դեսպանատներին կհանձնեն նույնաբովանդակ նամակ-կոչերը:

 

 

Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման, ինչպես նաև պահանջատիրության միջոցառումներ են  տեղի  ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Հայաստանում էլ այսօր ԱՄՆ դեսպանատան դիմաց « Նիկոլ Աղբալյան» ուսանողական  միության անդամներն իրենց բողոքի ձայնն են  բարձրացրել՝ պահանջելով Վաշինգտոնից՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը  և հրաժարվել  Թուրքիայի ժխտողական  քաղաքականության հովանավորությունից:

«Հորդորում ենք ամերիկյան կառավարությանը ՝ճնշում  բանեցնել Թուրքիայի  վրա, որպեսզի վերջինս ընդունի Հայոց ցեղասպանությունը և քայլեր  ձեռնարկի  նյութական  և ոչ նյութական  կորուստների  հատուցման  և հայ ժողովրդի  տարածքային  սեփականության  վերականգնման  ուղղությամբ:  Պահանջում ենք Ամերիկայի իշխանություններից  ճանաչում»:

Երիտասարդների հորդորն է ամերիկյան կառավարությանը՝ հետագա ցեղասպանությունները կանխելու  համար դառնալ Հայոց ցեղասպանության  միջազգային ճանաչման  արշավի կարևոր դերակատարներից մեկը: Կոչ- նամակում երիտասարդները գնահատում են  նաև  Օսմանյան կայսրությունում  ԱՄՆ դեսպան  Հենրի Մորգենթաուի արիությունը և այլոց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այդ տարիներին թուրքական ոճրագործության մասին   բարձրաձայնելու և հայապահպան գործունեության մեջ: Երիտասարդներն իրենց կոչ — նամակը փորձեցին հանձնել  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Սակայն վերջիններիս  հետ հանդիպման դուրս եկավ դեսպանատան քաղաքական  բաժնի պետը եւ վստահեցրեց  միության անդամներին, որ  նամակը կհաձնի  հասցեատիրոջը:

«Կարող եմ վստահեցնել, որ նամակը կհանձնենք հասցեատիրոջը: Կփոխանցեմ  դեսպանին, իսկ դեսպանն էլ  կփոխանցի Սպիտակ տուն: Ինչպես գիտեք նախագահ Բարաք Օբաման խոսել է 1.5 միլիոն հայերի  ջարդերի մասին: Մենք ճանաչում ենք պատմությունը և  գտնում ենք, որ Թուրքիան պետք է  առերեսվի իր պատմությանը»:   

ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական  վարչության  ներկայացուցիչ Անի Խաչատրյանի խոսքով՝ նույնաբովանդակ  կոչ- նամակները  ՀՅԴ երիտասարդական և ուսանողական  միությունները  կհանձնեն 17 երկրներում գտնվող ԱՄՆ դեսպանատներին: Լիբանանի երիտասարդական միությունն արդեն  հանձնել է կոչ- նամակը:

«Ցանկանում ենք, որ այսօրվա  ԱՄՆ կառավարությունը  դատապարտի և կասեցնի Թուրքիայի հայահալած քաղաքականությունը: Դրա վկան ենք մենք բոլորս: Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ապացուցեցին, որ Թուրքիան շարունակում է իր հայահալած քաղաքականությունը»:

Կարևոր է, որ ԱՄՆ կառավարությունն իրերն անվանի իրենց անուններով: Հայոց ցեղասպանությունը  չորակելով կոտորած, տեղահանություն, եզրափակեց   ՀՅԴ  երիտասարդական միության կենտրոնական  վարչության  ներկայացուցիչը:

Back to top button