«Հայոց Անին վտանգված է» խորագրով ֆլեշ-մոբ՝ հանրապետության հարապարակում
Շուրջ յոթ տարի հեռուստաեթերում ցուցադրվող «Հայ ասպետ» հաղորդման կազմը ապրիլի 18-ին` ժամը 18.30 –ին, Հանրապետության հրապարակում 1500 պատանիների մասնակցությամբ կանցկացնի ֆլեշ-մոբ՝ «Հայոց Անին վտանգված է» խորագրով: Ծրագիրը կմեկնարկի 19.00-ին, եկեղեցու զանգերի ղողանջների տակ հրապարակ կմտնեն 1500 պատանիներ և գրավելով իրենց տեղերը` կնստեն 5 րոպեանոց նստացույցի, որի ընթացքում հրապարակում տեղակայված մոնիտորին կցուցադրվի միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ներկայիս վիճակի մասին պատմող տեսաֆիլմ եւ միջոցառման նպատակը 5 լեզվով, այն է` պայքար Անի քաղաքի եկեղեցիների վերանորոգման թուրքական տարբերակների դեմ և Ցեղասպանության 100-րդ տարելից:
Այնուհետ կհնչի «Դարձիր, իմ Անի» երգը և կսկսվի պարացույց, որի ավարտին սպիտակ և մանուշակագույն թաշկինակների թափահարումով ամբողջ հրապարակում կնկարվի հսկա սպիտակ խաչ՝ մանուշակագույն ֆոնի վրա: Պարացույցի ավարտից հետո «Տեսնեմ Անին» երգի տակ սպիտակ շորեր հագած հրեշտակ-փոքրիկները (նժդեհիկներ) բոլոր մասնակիցներին կբաժանեն մոմակալով վառվող մոմեր: Այնուհետ սարկավագների ուղեկցությամբ բեմ կբարձրանա տեր Շահեն ու ընդհանուր աղոթքից հետո «Սուրբերու աչեր» երգի տակ բոլոր մասնակիցները դանդաղ կհեռանան հրապարակից՝ իրենց փոխարեն թողնելով վառվող մոմերը: Դրանից հետո վառվող մոմերի շարքերով կանցնեն հրեշտակները և կարմիր կակաչներ շաղ կտան ամբողջ հրապարակում, որպես խորհրդանիշ` թափված անմեղ արյան:
Կակաչների դաշտում մոմերը կվառվեն ևս 30 րոպե, և արարողությունը կավարտվի: Կազմակերպիչները բոլորին հրավիրում են մասնակցելու այդ հուշ արարողությանը` բերելով մեկ մոմ իրենց հետ:
«Հայ ասպետ» հաղորդման հեղինակ եւ վարող Կարին Տոնոյան