ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

ԵԽԽՎ նախագահ. Յուրաքանչյուր ոք պարտավոր է առերեսվել պատմության հետ՝ պագայում նոր սխալներ թույլ չտալու համար

Յուրաքանչյուր ոք պարտավոր է առերեսվել պատմության հետ և հիշել անցյալը, սակայն ոչ թե անցյալով ապրելու, այլ ապագայում նոր սխալներ թույլ չտալու համար, այսօր հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ԵՊՀ ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ։

«Հանուն այն նահատակների, որոնք զոհվեցին 100 տարի առաջ, շատ կարևոր է գալ ընդհանուր հայտարարի այսօրվա դրությամբ, որպեսզի գալիք սերունդները չտեսնեն նման ոճրագործություններ»,- նրա խոսքերն է մեջբերված ԵՊՀ տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Անն Բրասերը կարևորել է խնդրի կարգավորումը միայն խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացը՝ բացառելով ռազմական որևէ գործողություն:

«Եվրոպայի խորհուրդը պետք է նպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսություն սկսվելու գործընթացին, քանի որ երկխոսությունը միակ ելքն է, որի օգնությամբ պետք է լուծում գտնվի, իսկ բռնությունը որպես պատասխան երբեք չպետք է դիտարկվի»,- շեշտել է ԵԽԽՎ նախագահը:

Իսկ այն հարցին, թե ինչ ծրագրեր ունի ԵԽԽՎ-ն Մինսկի խմբի և ԼՂ հակամարտության լուծման գործընթացի համար, Անն Բրասերը նշել է, որ ԵԽԽՎ-ն մշակելու է ԼՂ-ի վերաբերյալ զեկույց, սակայն այն միջամտություն չի լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, այլ կդիտվի որպես առաջարկ. «Հույս ունեմ, որ հայկական կողմն ակտիվորեն կմասնակցի և կնպաստի զեկույցի մշակմանը»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Անն Բրասերը վստահ է, որ կողմերը պետք է մի կողմ դնեն նախապայմանները և փորձեն հաշտության եզրեր գտնել, քանի որ հարևան երկրների միջև նմանօրինակ հարաբերությունները վնասում են ոչ միայն տվյալ երկրներին, այլև ամբողջ տարածաշրջանի զարգացմանը:

Back to top button