Ինչու գյուղացիները չեն կիսում գյուղնախարարության լավատեսությունը
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր լրագրոներին է հանդիպել այս գյուղատնտեսական տարվա համար իր կանխատեսումներով: Այս պահի դրությամբ մտահոգիչ որեւէ խնդիր փոխնախարարի տեսադաշտում չկա: Մակարյանը վստահ է` մթերվելու է ողջ բերքն այն ծավալով, որի շուրջ գյուղացիները մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածություն ձեռք կբերեն: Անցյալ տարվանից մթերման դիմաց պարտքեր է կուտակել միայն «Բորոդինո» գործարանը, մյուսները պարտքեր չեն ունեցել, չեն էլ ունենա, համոզմունք է հայտնել փոխնախարարը: Նա մտահոգիչ չի համարում ոչ գնաճային ռիսկերը, ոչ էլ ռուսական ռուբլու փոխարժեքից մեր տնտեսվարողների կրած խնդիրները:
Գյուղատնտեսական տարին նոր է սկսվում, բերքի ու դրա հնարավոր ծավալների մասին կանխատեսումները խիստ աղքատիկ են: Փոխարենը գյուղատնտեսության նախարարությունում այսօր արդեն լիահույս են` այս տարի գյուղացիներին մթերման մասով ոչ մի խնդիր չի պատուհասի: Անցյալ տարվա խնդիրների մասին գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն արդեն անցյալով է խոսում, ասում է` մթերումների հետ կապված համակարգային խնդիրներ չեն եղել: Որ տարբեր գյուղերում գյուղացին այդպես էլ մնաց իր չիրացված բերքի հետ մենակ, Մակարյանը համակարգային խնդիր չի համարում: Եթե խնդիրներ էլ եղել են, ասում է, գյուղացին է մեղավոր:
Այդպես է մտածում նաեւ «Արարատ» սննդի կոմբինատի գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը: Ասում է` խնդիրը բերքի քանակն ու որակն է, ոչ թե մթերումներն ու դրանց դիմաց վճարումները: Գյուղացին տարվա այս շրջանում խուսափում է մթերողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել: Թարվերդյանը հակված է մտածել, որ գյուղացիներն ակնկալում են իրենց բերքն ավելի ուշ ավելի բարձր գնով վաճառել, քան այժմ կարող են մթերողների հետ պայմանավորվել: Բայց եթե տարին առատ է լինում, բերքի դիմաց բարձր գին ստանալու հույսերն էլ չեն արդարանում: Սրանով հանդերձ էլ` մթերողները խոստանում են, իսկ գյուղնախարարությունը` երաշխավորում` բերքը չի մնա, փչանա, եթե գյուղացին ինքն էլ մթերողների հետ գործարքի ճիշտ ուղի գտնի ու ավելի գրագետ աշխատի:
Այսօրվա բանախոսներն այս գյուղատնտեսական տարվա համար իրենց կանխատեսումների լավատեսությունը տարածեցին բոլոր ուղղությունների վրա: Նրանց չեն մտահոգում անգամ ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումները:
Մինչ տնտեսագետներն անգամ դժվարանում են կանխատեսել, թե ինչ ընթացք կստանան ռուսաստանյան տնտեսության մեջ առաջ եկած դժվարությունները, մեզ մոտ վստահ են` շուտով վիճակը կփոխվի, ընդ որում, միանշանակ, դեպի լավը: Մերոնք նաեւ վստահ են` այսօր առկա խնդիրներից չի տուժի ոչ արտահանումը, ոչ մթերումը, ոչ էլ արտադրողը: «Ռադիոլուր»-ը դիտարկմանը, թե փոխարժեքի կտրուկ տատանումների համատեքստում անցյալ տարի տասնյակ արտահանողներ, մասնավորապես, գինեգործներ, հսկա կորուստներ ունեցան, ինչի մասին ամիսներ շարունակ ահազանգեր էին հնչում, գյուղատնտեսության փոխնախարարն ընդամենը արձագանքեց, թե վնասները` մի քիչ շատ, մի քիչ քիչ, չեն փոխում այս տարվա սպասումները: «Ռադիոլուր»-ը գյուղատնտեսության փոխնախարարից հետաքրքրվեց` արդյոք շատ վաղ չէ այդքան լուսավոր կանխատեսումներ անել սկսվող գյուղատնտեսական տարվա համար այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրությունն է արդեն մռայլ թվեր ներկայացնում, ինչն է իրենց տալիս այդ աներկբա վստահությունը: Լավատեսության հիմքում գործընկերների հետ բանակցություններն են, ասաց: Գործընկերների, ոչ գյուղացիների: Իսկ գյուղացիներին փոխնախարարն էլ, «Արարատ» սննդի կոմբինատի գլխավոր տնօրենն էլ իրենց հորդորն են բաժին հանում` թող շատ ու որակով արտադրեն:
Ամփոփելով` նկատենք, որ այս լավատեսությունն ամենեւին էլ չեն կիսում մեր գյուղացիները: Նրանց արտահանման նոր հնարավորությունները չեն զարմացնում ու չեն ոգեւորում, քանի որ իրենց բերքի դիմաց այսօր` համատարած գնաճի պայմաններում, նրանք ոչ մի դրամ ավել ստանալու խոստում չեն ստանում: Ընդ որում` արտահանման ավելացումն էլ իր հերթին է որոշ խնդիրներ հարուցում. երբ բերքի մեծ մասը երկրից դուրս է ուղարկվում, տեղական շուկայում առաջարկի պակասը գների աճ է հարուցում: Այսինքն` ներկայացված լավատեսությունից նաեւ շարքային քաղաքացուն բաժին չի հասնում: