Մշակույթ

Կորցնո՞ւմ ենք, թե՞ մոռանում մեր ազգային երաժշտության ինքնությունը. երաժշտագետ

aidaavetisyan
Ազգային երգն ու երաժշտությունը ժառանգած հայերս  այսօր արդեն  այն մատուցում ենք  նոր եղանակներով ու համեմված արևելյան մոտիվներով: Արդյունքում ստացվում է, որ  կորցնում ենք մեր ազգային  երաժշտության ինքնությունը: Սակայն կարծիքին համաձայն չէ երաժշտագետ Նունե Աթանասյանն ու ժողովրդական երգչուհի Անուշ Արշակյանը՝ նշելով, որ կատարողական առանձնահատկությունները պետք  չէ որակել  մշակութային ժառանգության կորուստ:

 

 

Ազգային երաժշտությունը մեր դիմագիծը ներկայացնող  կարևորագույն  արժեքներից է:  Ճիշտ է՝ այսօր  ժողովրդական    երաժշտությունը ժառանգում ենք տարբեր մոտիվներով  համեմված երանգներով, սակայն երաժշտագետ  Նունե Աթանասյանի կարծիքով, մշակութային արժեքները, ինչպիսին է ազգային երաժշտությունը, չի մեռնում: Ազգային մշակույթի պահպանումը կատարողական առանձնահատկություններից է բխում, ասում է:

«Ամենակարևորն է, թե ինչպես պետք է կատարել երաժշտությունը: Միևնույն ժողովրդական երգը կարելի է կատարել  ռաբիսին բնորոշ կլկլոցով, արևելյան անհարիր մեթոդներով, որոնք հայկական չեն և կորցնել երգի ինքնությունը»:

Մշակութային  ժառագնությունը  պահպանելու,  այն զարգացնելու ուղղությամբ  մեծ աշխատանքներ կատարվում են, սակայն դրանց մասին  քիչ է խոսվում, մտահոգվում է երաժշտագետը: Մշակույթն ամուր ձեռքերում է,  միայն աջակցության կարիք ունի, ասում է:  Երգչուհի Անուշ Արշակյանն էլ կիսում է այն  կարծիքը, որ  երգի մատուցման  որակից է կախված  մշակույթի պահպանումը: Նրա գնահատմամբ՝ ազգային մշակույթը  չենք կորցնում, այլ մոռանում ենք:

«Ընկնելով արտաքին աշխարհից ներմուծվող  գովազդային մակարդակի վրա մատուցվող ինֆորմացիայի ետևից, երբեմն մոռանում ենք մեր գանձերի մասին, որոնք ունենք»:

Կոմիտասի «Գարուն» երգի կատարմամբ էլ Անուշ Արշակյանն ապացուցում է, որ մատուցման որակից է կախված  ազգային երգի  պահպանումը: Անհրաժեշտ է  ձերբազատվել  արտաքին աշխարհից  հայկական երաժշտություն ներխուժած  արաբական ու թուրքական  մոտիվներից:

Ազգային  մշակույթի  պահպանման ու զարգացման  գործում  Նունե Աթանասյանը կարևորեց մշակույթի նախարարության աջակցությունը՝ շեշտելով, որ  60-ական թվականներից ժառանգած ժողովրդական երգերը  գերատեսչության աջակցությամբ հավաքվել ու  պատրաստվել են հրատարակության:

Back to top button