ՎերլուծականՑեղասպանություն 100

Հայոց ցեղասպանությունն ու նրա հոգեբանական ազդեցությունը

aidaavetisyan

Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում հայկական զանգվածային կոտորածները,  բռնի տեղահանումն ու  բռնի կրոնափոխությունը իրենց հոգեկան ազդեցությունն են թողել  հայության վրա եւ քիչ թե շատ անդրադառնում  է այսօրվա  սերնդի վրա:  Լինելով  Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգներ` այդ իրադարձությունների վերաբերյալ    գենետիկ հիշողություններն   այսպես թե այնպես ազդել են  մեր  ներաշխարհի վրա, ասում է հոգեբան  Աննա Բադալյանը, որը միևնույն ժամանակ ուրախությամբ փաստում է՝ այսօրվա մեր երիտասարդությունը կարողանում է հարգել իր պատմությունն ու դրան զուգահեռ  արարել:

Պայքարող, առաջընթացի  համար  միշտ ուղիներ փնտրող է հայ ազգը՝ ընտանիքն ամուր հողի վրա կառուցելու, ազգային  իրավունքներն ու արժեքները  պաշտպանելու ձգտումով,  պաշտպանական եռանդով օժտված։ Խոսուն  վկայությունը թուրքի յաթաղանից փրկվելն ու  դժվարություններով  կյանքի նոր փուլ մտնելն է, նշում է հոգեբանը։

Այստեղ նա բերում է Արա Գեղեցիկին իբրև մեռնող և հարություն առնող  աստված: «Սա խոսում է նրա մասին, որ այս ազգը կարող է մոխրանալ, բայց նորից Փյունիկի նման վեր հառնել մոխիրներից։ Եթե սկսենք խորն ուսումնասիրել՝ երբեք չհանձնվել, երբեք չընկճվել, ամենածանր հուզական պահերին  գտնել առաջ գնալու, զարգանալու ելքը»,- ասում  Աննա Բադալյանը։

Ցեղասպանության վերաբերյալ պատմությունները նոր սերնդին   ներկայացնելու հետևանքով առաջացող  բարդույթներից  խուսափելու համար էլ նա առաջարկում է հայոց   պատմության  սև էջերը մատաղ սերնդին   ներկայացնել  ճիշտ  մոտեցմամբ ու  ճիշտ ժամանակին,  երբ երեխան կարող է ընկալել  եղածն ու խելամիտ եզրահանգումներ անել։

Շատ ծնողներ իրենց փոքրիկիներին հայ ժողովրդի  պատմության  արյունահեղ  էջերին  փորձում են  ծանոթացնել դեռ մանուկ  հասակում:  Ապացույցը՝  ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունք  ծնողների և  փոքրիկների երթն է։ Հոգեբանը, սակայն կարծում է, որ այն  տեսարանը,  որի  ականատեսն  են  լինում երեխաները՝  մարդկային ամբոխը, ծաղիկները,  երաժշտությունը, բացասական ազդեցություն են թողնում  երեխայի ներաշխարհի վրա: Անհրաժեշտ է մինչ հուշահամալիր բարձրանալը երեխային նախապատրաստել։

«Ես չեմ ասում երեխաներին պետք  չէ տանել , բայց մինչ տանելը պետք է պատմել Հայկի, Տիգրան Մեծի, Սասունցի Դավթի,  Մեծ Մհերի  մասին, որպեսզի երեխայի մոտ չառաջանա ներքին կոնֆլիկտ , այլ ոգի և ուժ առաջանա»,- բացատրում է հոգեբանը։

Back to top button