Շախմատի Վրաստանի չեմպիոն Գայոզ Նիգալիձեին սպառնում է 15 տարվա որակազրկում՝ Դուբայում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի հետ խաղի ժամանակ հեռախոսից օգտվելու համար, հայտնում է Բի Բի Սի- ն։ Տիգրան Պետրոսյանը կասկածել է, երբ Նիգալիձեն հաճախակի գնացել է զուգարան։ Հայ շախմատիստը մրցավարին խնդրել է ստուգել զուգարանը, որտեղ էլ հայտնաբերվել է հեռախոսը։ Այն թաքցված էր զուգարանակոնքի հետեւում՝ զուգարանի թղթով փաթաթված։
Վրացի շախմատիստը սկզբում հերքել է, թե հեռախոսն իրենն է։ Սակայն մրցավարները հեռախոսով սոցիալական ցանցում տեսել են Նիգալիձեի պրոֆայլը, նաեւ ընթացիկ խաղի վերլուծությամբ շախմատային հավելված։
Գայոզ Նիգալիձեն Վրաստանի շախմատի կրկնակի չեմպիոնն է։ Նրա հաղթանակը առաջնությունում սենսացիա էր առաջացրել, քանի որ չէր համարվում հաղթանակի իրական հավակնորդ։