ԿարևորՔաղաքական

Բրասերը հույս ունի, որ հայկական կողմը կմասնակցի ԼՂ մասին ԵԽԽՎ զեկույցի կազմմանը

lenabadeyan

Ապրիլի 13-15 պաշտոնական այցով Հայաստանում է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը: Պաշտոնյայի հայաստանյան այցը խիստ հագեցված է եւ այդ, ինչպես նաեւ ժամանակի սղության պատճառով, նա խուսափում է հարցերից: Այդպես է եղել նաեւ ԱԺ- ում հրավիրված ճեպազրույցի ժամանակ, երբ նա փոխանցել է իր ասելիքն ու հեռացել՝ հնարավորություն չտալով լրագրողներին հարցեր ուղղել: Այսօր Անն Բրասերի համար առավոտվանից խորհրդարանական օր էր: Նա հանդիպել է ԱԺ խմբակցությունների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը այսօր հենց սկզբից տեղեկացրեց, որ լավատեղյակ է Հայաստանի առջեւ ծառացած բոլոր խնդիրներին, բայց իր ճեպարզույցում ուշադրություն հրավիրեց ընդամենը երկուսին: Ասաց, որ հանդիպումների ընթացքում շոշափվել է երկու թեմա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ 100 տարի առաջ տեղի ունեցածը։

Վերջինի առիթով նա այսօր օգտագործեց «զանգվածային սպանություններ» եզրույթը։ «Անցյալի դասերը պետք է քաղել: Եթե չենք կարող հաշտվել անցյալի հետ, չենք էլ կարողանա կառուցել խաղաղ ապագա»։

Ցեղասպանության 100- ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները եվրոպացի պաշտոնյան շատ կարեւոր է համարում անցյալը հիշելու տեսանկյունից: Հայաստանի խորհրդարանում Անն Բարսերի արած մեկ այլ հայտարարությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: ԵԽԽՎ-ն այդ թեմայով զեկույց է պատրաստում:

ԵԽԽՎ նախագահը նշում է, որ այս հակամարտությունը լուրջ մտահոգության առարկա է նաեւ իր գլխավորած կառույցի համար: Քանի որ, ի վերջո, այստեղ խոսքը ԵԽ 47 անդամ-պետությունների 820 միլիոնանոց բնակչության մի մաս կազմող ժողովրդի եւ նրանց ճակատագրի մասին է: «Բռնությունը երբեք չի կարող ոչ մի հակամարտության պատասխան լինել: Զեկույցի պատրաստման նպատակը ոչ թե ՄԽ շրջանակներում գործընթացին միջամտելն է, այլ՝ լուծումներ որոնելուն եւ գտնելուն նպաստելը: Իսկ լուծումներ գտնելու համար, ասում է, անհրաժեշտ է քննարկել բոլոր կողմերի համար մտահոգություն առաջացնող բոլոր խնդիրները:

Եվրոպացի պաշտոնյան հույս հայտնեց, որ հայկական կողմը ակտիվորեն կնպաստի եւ կմասնակցի զեկույցի մշակման գործընթացին՝ երաշխավորելու, որ այդ զեկույցը հավասարակշռված լինի: Իր ասելիքն ասելուց հետո Անն Բրասերը մեկնեց խորհրդարանից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:

Back to top button