Ցեղասպանության հետքը՝ վերապրած Օվսաննա տատիկի կյանքում
Արմավիրի մարզի Լենուղի համայնքում է ապրում ցեղասպանությունը վերապրած Օվսաննա Միրխանյանը, ով վերջերս ապրիլի 7-ի կապակցությամբ նախագահի կողմից ստացել էր մեկ միլիոն դրամ, ցեղասպանության 100-րդ տարելիցի հուշամեդալ: Օվսաննա տատիկը ծնունդով Ստամբուլից է, նրա անձնագրում միայն տարեթիվն է նշված 1915 թ, նրան մեծացրել են տատն ու պապը, ծնողներին կորցրել է եղեռնի ժամանակ: Ցեղասպանությունից փրկվելով նրանք երկար տարիներ ապրել են Սիրիայում, ապա հայրենադարձվել:
Օվսաննա Միրխանյանը ցեղասպանությունը վերապրածներից մեկն է, ով մազապուրծ է եղել օսմանցիների հրեշագործություններից, հաստատվել Սիրիայում, իսկ ավելի ուշ հայրենադրձվել Հայաստան: Ցեղասպանությունը վերապրածների անձնագրերում միայն տարեթիվն է նշվում, ամիսն ու ամսաթիվը զրոներ են: Օվսաննա Միրխանյանը ծնունդով Ստամբուլից է, ծնողների մասին ոչինչ չգիտի, հայրն ու մայրն անհետացել են ջարդի ժամանակ:
Օվսաննան տան առաջնեկն եղել, ում խնամել են մոր ծնողները, որոնք էլ փրկվել են ցեղասպանությունից: Օսմանյան կայսրության որդեգրած քաղաքականությունը վերջ չի ունեցել, թուրք ոճրագործները որսի էին դուրս եկել գիշերով, որի մասին տեղեկացել են տեղի հայերը և փախել տունն ու տեղը թողնելով բարբարոսներին: Սկզբում պատսպարվել են Սիրիայի սահմանամերձ քրդական գյուղերից մեկում, հետո տեղաձոխվել են քաղաք՝ Արափինար:
Օվսաննան, ինչպես և ցեղասպանությունից ողջ մնացած հայերը, երկար տարիներ ապրել են Սիրիայում, 35 տարեկանում նա ամուսնացել է տարիքով ավելի մեծ հայի հետ, ով մնացել էր հայրենիքում, ապրել քրդերի տանը: «Նրա անունը Կարապետ էր, բայց քրդերը Մուստաֆա են անվանել, քանի որ Թուրքիայում չէին կարող հայի անուն տալ»,- ասաց Օվսաննա տատիկը:
Նրանց առաջնեկը ծնվել է Արափինարում, հետո նրանք հայրենադարձվել են Հայաստան:
Օվսաննա Միրխանյանը 5 երեխայի մայր է, ունի երեք աղջիկ և երկու տղա: Միայն մեկ տղան է ապրում Հայաստանում, մնացածը արտագաղթել են և ապրում են Ռուսաստանում: Օվսաննա տատիկը վերջերս վիրահատվել է, դեմքի գոյացությունն են հեռացրել:
Օվսաննա Միրխանյանն այժմ ապրում է հուշերով, երբեք չցանկանալով նախորդ դարասկզբի եղերագործությունների կրկնությունը ոչ մի ազգի և ժողովրդի հետ, միակ բարեմաղթանքը աշխարհին խաղաղությունն է ու մարդկանց առողջությունը: