Պերմյակովին կրկնակի ցմահ ազատազրկում է սպառնում
Ինչօես գրել է KOMMERSANT.RU-ն՝ երեկ դատարանը երկարաձգել է Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանդն իրականացրած՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը: Վարույթի ընթացքում պարզվել է, որ Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն խստացրել և կոնկրետացրել է նրան ավելի վաղ առաջադրված մեղադրանքները: Ռազմական հետաքննությունը նրան մեղադրել էր Ռուսաստանի ՔՕ 2-րդ մասի 105-րդ հոդվածի «ա» կետով և 2-րդ մասի 338-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների համար (2 և ավելի անձանց սպանություն, ինչպես նաև դասալքություն իրեն վստահված զենքով): Այժմ 105-րդ հոդվածին հետաքննությունն ավելացրել է հանցագործին հայտնի անօգնական վիճակում գտնվող անչափահասի կամ այլ անձի սպանություն: Պերմայկովին նաև զենքի անօրինական շրջանառության և դրա գողության մեղադրանք է առաջադրվել (Ռուսաստանի ՔՕ մաս 1, հոդված 222 և մաս 3, հոդված 226):
Նշենք, որ 105-րդ հոդվածի երկու կետերն էլ ցմահ ազատազրկում են ենթադրում:
Ի դեպ, Ավետիսյանների ընտանիքի հարազատների շահերը ներկայացնող փաստաբան Երվանդ Վարոսյանը «Կոմերսանտին» ասել է, որ ռուսական կողմի հետաքննությունը համարում է անօրինական, քանի որ հանցագործությունն իրագործվել է ռազմաբազայի սահմաններից դուրս: Նույն պատճառով նրա հաճախորդները հրաժարվել են իրենց տուժած ճանաչել ռուսական գործում: «Մենք աշխատում ենք Հայաստանի քննչական կոմիտեի հետ, որն իր հետաքննությունն է անցկացնում»,- նշել է նա: Փաստաբանի խոսքով՝ դաժան սպանության դրդապատճառները մինչև հիմա պարզված չեն: Ամեն դեպքում, Պերմյակովի ցուցմունքին, թե սպանությունը պատահական է եղել, ինքը չի հավատում: