Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց դրության հանձնաժողովի 59-րդ նստաշրջանին
Մարտի 9- ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել Կանանց դրության հանձնաժողովի 59-րդ նստաշրջանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը բացման խոսքում հայտարարել է, որ մինչև 2030 թվականը պետք է հասնել գենդերային հավասարության կյանքի բոլոր բնագավառներում: Նստաշրջանի գնահատկանը եղել է, որ պետությունների կառավարությունները չեն հասել սահմանված նշաձողին: Անհրաժեշտ են համալիր քայլեր պեկինյան գործողությունների ծրագիրն ի կատար ածելու համար:
1995 թվականին Կանանց հարցերով չորրորդ համաշխարհային խորհրդաժողովն ընդունեց «Պեկինի հռչակագիրը և գործողությունների ծրագիրը», ձեռնարկվեցին քայլեր՝ կանանց մտահոգող խնդիրները միջազգային օրակարգի առաջավոր դիրքերում պահելու համար: Պեկինյան ծրագրով վերլուծվում են կանանց առաջխաղացման խոչընդոտներն ու առաջարկվում են դրանք հաղթահարելու ուղիներ:
Այս տարի մարտին Նյու Յորքում տեղի է ունեցել Կանանց դրության հարցերի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանը, որին մասնակցել է նաև Հայաստանը, սակայն ոչ պետական մակարդակով: Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը նշեց, որ այս համաժողովը նախորդներից տարբերվում էր իր պահանջատիրությամբ: 189 պետությունների կառավարությունների ստանձնած պեկինյան պարտավորությունները՝ այն է կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքներ ու հավասար հնարավորություններ ապահովել կյանքի բոլոր բնագավառներում, քննարկվել են ավելի սուր հարթությունից: Այս նստաշրջանի գնահատականը եղել է, այն , որ պետությունների կառավարությունները պատշաճ չեն կատարել պեկինյան գործողությունների ծրագիրը:
«Դա նշանակում է, որ աշխատանքը պետք է շարունակվի և պետք է շարունակվի նոր թափով: Եվ պետություններն ու ՄԱԿը-ը պետք է անեն ամեն ինչ, որ այն նշաձողը, որ վերցվել է Պեկինում, իսկ դա բավականին բարձր է եղել և մենք չենք կարողանում նվաճել մինչև հիմա, պետք է անպատճառ կատարվի»:
Նստարջանի քննարկման կիզակետում եղել են կանանց զբաղվածության և աշխատանքի ոլորտում խտրականության հիմնական խնդիրները: Գենդերային անհավասարությունը հիմնականում նկատվում է զբաղվածության ոլորտում: Կանայք շատ քիչ են աշխատում տղամադկանց միջավայրում եւ դրանով է պայմանավորված, որ նրանք սահմանափակ մասնակցություն ունեն քաղաքական դաշտում։
Հակառակ նրան, որ Հայաստանում կա կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորություններն ապահովող օրենդրություն, ավելացվել են աշխատավայրերում կանանց համար սահմանված քվոտաները, սակայն նստաշրջանի հայաստանյան պատվիրակության անդամ Ջեմմա Հասրաթյանը նշեց թվեր, որոնք ցույց են տալիս, որ դրանք չեն փոխել իրավիճակը:
Զբաղվածության ոլորտում բարեփոխումներ չեն կատարվել. սա պայմանավորված է ֆինանսական և տնտեսական ճգնաժամով: Իսկ պետությունների կողմից չկա մշակած հստակ քաղաքականություն, այս ոլորտում կանանց ներգարավվածությունը մեծացնելու համար: Նստաշրջանում քննարկվել են նաև տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածության վերաբերյալ հարցեր: Հայաստանն այս հարցում ևս խնդիրներ ունի: 866 գյուղական համայքներից միայն 16-ն են ղեկավարում կանայք, իսկ տեղական ինքակառավարման համակարգի ընտրովի մարմիններում կանայք կազմում են մոտ 9 տոկոսը:
«Ես գտնում եմ, որ ունենալով գիտամանկավարժական և կրթական բարձր մակարդակ, մենք մեծ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, ավագանու կազմում ունենք մեկական կին, իսկ այնպիսի քաղաքներում, ինչպիսին են Աբովյանը, Հրազդանը, Վաղարշապատը, Արմավիրը, Արարատը, Սպիտակը, Ստեփանավանը, ոչ մի կին ավագանիների կազմում չկա»:
Ըստ Ջեմմա Հասրաթյանի՝ միջազգային կառույցները պետք է խթանեն Հայաստանում քաղաքացիական հասարակական ինստիտուտների զարգացմանը, քանի որ Բան Կի Մունի զեկույցում նշվել է, որ քաղաքացիական հասարակության դերը պեկինյան գործողությունների իրականացման գործում մեծ է եղել: