Ցեղասպանություն 100

Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը՝ ապրիլի 23-ին

sonahakobyan
Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողություն: Այս որոշումը կայացվել է օրերս գումարված եպիսկոպոսաց ժողովում: Ժողովը որոշել է երդեգրել Հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման սկզբունքը, հանձնարարել սրբադասման հանձնախմբին շարունակել նահատակների անհատական և խմբակային սրբադասման ուսումնասիրությունը՝ եպիսկոպոսաց հաջորդ ջողովներին ներկայացնելու համար: Այս ամենն իրականացնելու է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ստեղծված հանձնախումբը՝ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նախագահությամբ:

 

 

Հայ Առաքելական եկեղեցու վերջին սուրբը Մովսես 3-րդ Տաթեւացին է, ով ապրել է 17-րդ դարում: Շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո Եպիսկոպոսաց ժողովը քննարկել եւ որոշել է ՝ 2015 թվականի ապրիլի 23-ին սրբադասել Հայոց Ցեղասպանության նահատակներին: Ներկայացնելով եպիսկոպոսաց ժողովի կայացրած որոշումը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստեղծված կազմակերպիչ հանձնախմբի նախագահ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ ապրիլի 22-ին էլ կայանալու է քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչների նիստը, որի թեման է եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանությունների։ Նիստին ներկա են լինելու քրիստոնյա եկեղեցիների շուրջ 80 ներկայացուցիչներ՝ տարբեր եկեղեցիներից:

Ապրիլի 23-ին էլ լինելու է Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Հանձնախմբի անդամ տեր Բագրատ Սրբազան Գալստյանը նշեց, որ սրբադասման արարողությանը ներկայացվելու են  Մայր Աթոռում պահվող Դեր Զորից բերված Ցեղասպանության զոհերի մասունքները:  Սրբադասումը, ի դեպ, լինելու է ոչ թե անհատական, այլ հավաքական:

Այսպիսով, մեր եկեղեցում կվերականգնվի սրբադասման՝ շուրջ 400 տարի առաջ ընդհատված ավանդույթը: Հանձնախումբն ուսումնասիրելու է նաեւ անհատական սրբադասման կարգը՝ նկատի ունենալով Կոմիտաս վարդապետին եւ այլ անհատների:

Back to top button