Բժշկության նոր նվաճումները հասանելի են նաեւ Հայաստանում. այսօր Առողջության պահպանման համաշխարհային օրն է
Առօրյա սթրեսները, որոնցից խուսափել որեւէ կերպ հնարավոր չէ, խաթարում են ոչ միայն կանանց հոգեկան հանգստությունը, այլեւ առողջությունը: Կանանց տոնի առթիվ հրավիրված ասուլիսին այսօր սրա մասին հիշեցրել ու բարձրաձայնել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ու շեշտել` կինն արժանի է ամուր առողջություն ունենալուն, ու դրա համար տարին գոնե մեկ անգամ հետազոտություն անցնելը պարտադիր է: Դա հաստատում է հիվանդությունների երիտասարդացման եւ դրանք ժամանակին հայտնաբերելու դեպքում բուժման բարձր արդյունավետության վիճակագրությունը:
Ապրիլի 7-ը նաեւ առողջության պահպանման համաշխարհային օրն է: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը սա կարեւորում է որպես եւս մեկ առիթ` խոսելու առողջության պահպանման գերկարեւորության մասին: Ասվածը Խաչանուշ Հակոբյանը հիմնավորում է գիտության ու բժշկության նոր նվաճումներով, որոնց արդյունքը Հայաստանում հասանելի է:
Այսօր մեր երկրում ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղը ինչպես ձեւավորման ամենավաղ փուլում, այնպես էլ դրա առաջացման ռիսկերի դեպքում: Հայ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի տարածվածության վիճակագրությունը սրությամբ չի առանձնանում: Այսօր հայ կինը ավելի իրազեկ է, ավելի ուշադիր իր առողջության հանդեպ:
Տասը տարի առաջ պրոֆիլակտիկ այցելությունները բժշկին զրո տոկոս էին կազմում, հիշում է Խաչանուշ Հակոբյանը, այսօր արդեն կարող ենք խոսել ընդհանուր այցերի մեջ պրոֆիլակտիկ այցելությունների 60 տոկոսի մասին: Հիվանդությունն ամենանենգերից է, ցավերով չի արտահայտվում մինչեւ դրա զարգացումը, խորացումն ու ուռուցքի շոշափումը: Ուստի տարեկան մեկ անգամ հետազոտությունը պարտադիր է հատկապես մասնագետների այն ահազանգերի համատեքստում, որ քաղցկեղային հիվանդություններն անբացատրելիորեն երիտասարդանում են:
Կրծքի քաղցկեղն առավելապես հանդիպում է 45-ից 60 հասակում: Բայց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիճակագրությունն անգամ 18 տարեկան աղջիկների ու երիտասարդ հղիների մոտ դրա առկայության տխուր դեպքերի փաստեր ունի։