«Հեռանկարներ» փառատոնի ակադեմիան կդառնա մշակութային մի նոր կենտրոն
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգով ապրիլի 2-ին Երևանում մեկնարկեց «Երևանյան հեռանկարներ» 16- րդ միջազգային երաժշտական փառատոնը: Հանճարեղ դաշնակահարն այս համերգով իր հանգրանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Եվգենի Կիսինի հայաստանյան այցելության ընթացքում այսօր տեղի է ունեցել մեկ նշանակալից իրադարձություն ևս. հանրապետության նախագահի մասնակցությամբ Բյուրականում բացվել է «Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ակադեմիան:
Հեղինակավոր «Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին կից ակադեմիայի հիմնումը ընդունված երևույթ է ողջ աշխարհում: Հայաստանում նման ակադեմիա ունենալու երազանքը «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր տնօրեն Ստեփան Ռոստոմյանը վաղուց էր փափագում: Երազանքն արդեն իրականություն է:
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, աշխահահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մասնակցությամբ Բյուրականում այսօր բացվեց փառատոնի ակադեմիան:«Սա մի վայր է, որտեղ բաբախում է արվեստի սիրտը: Սա հարստություն է, որը պատկանում է ողջ հայությանը»,- ասում է Ստեփան Ռոստոմյանը։
Բյուրականի ընտրությունը պատահականություն չէր, այն ընտրվել է մի քանի պատճառնեորվ: Սա ակադեմիական բնակավայր է, որտեղ գործում է հայտնի աստղադիտարանը, այստեղ են գտնվում հոգևոր մշակույթի մի շարք կոթողներ, այդ թվում՝ Սբ. Հովհաննես բազիլիկ եկեղեցին, Դղերի վանքը, կաթողիկոսական նստավայրը, Խրիմյան Հայրիկի տունը, որտեղ բնակվել է նաև Գևորգ չորրորդ կաթողիկոսը: Այստեղ ստեղծագործել է մեծն Կոմիտասը:
Ընդունված կանոնների համաձայն՝ նման ակադեմիաները պետք է գտնվեն քաղաքից առնվազն 35-40 կմ հեռավորության վրա: Այս առումով ևս Բյուրականի ընտրությունն արդարացված է: Ակադեմիայի բացումը մեր մշակութային կյանքում ոլորտի պատաստանատու Հասմիկ Պողոսյանը կարևոր իրադարձություն է համարում։
Բյուրականի ակադեմիայի հարևանությամբ գտնվում է խորհրդային տարիներին կառուցված Մշակույթի տունը, որը մոտ ապագայում կգործի որպես մեծ համերգասրահ: Իսկ նորաբաց ակադեմիայի դահլիճում հարգարժան հյուրերին իրենց կատարումներով ներկայացան պատանի տաղանդավոր երաժիշտներ, որոնցից մի քանիսին փառատոնն ընդգրկել է միջազգային մեծ բեմերում կայանալիք համերգային ծրագրերում: Նշենք, որ ակադեմիայում տեղադրվել է բարձրակարգ ռոյալ, որը ձեռք է բերվել «Փյունիկ» հիմնադրամի և դաշնակահար Եվգենի Կիսինի նվիրատվությամբ։
«Ես շատ ուրախ էի, որ երեկվա համերգից ստացված հոնորարի մեծ մասը նվիրաբերեցի այս ռոյալի ձեռքբերմանը: Շատ լավ եմ վերաբերում այս նախաձեռնությանը, ինչի համար և սիրով բերեցի իմ աջակցությունը: Հաջողություններ եմ մաղթում գաղափարի հեղինակներին՝ իմ ընկերներին, մասնավորապես՝ Ստեփան Ռոստոմյանին: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր ծրագրի հաջողություն պայմանավորված է ինչ- որ բան անելու մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ: Երբ ինչ- որ բան շատ ես ցանկանում՝ խոչընդոտները հաղթահարվում են: Երեկվա համերգից հետո ես ուզում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել հայ ունկնդրին չափազանց ջերմ ընդունելության համար»,- ասաց անվանի դաշնակահարը։
Հավելենք, որ ակադեմիայի բացման առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պարգևատրվեց «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառաոտնի 15-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկված ոսկե մեդալով՝ փառատոնի կայացման գործում մեծ ներդրման և աջակցության համար։