Գյուղացիներին զբաղվածության նոր ծրագիր է առաջարկվում
Գործազրկության նպաստի վերացումը միտված էր կրճատելու զբաղվածության ապահովման նպատակով բյուջեից հատկացվող գումարների անտեղի վատնումը: «Մինչ այս փոփոխությունը շատ հաճախ ծախսվում էին բավականին մեծ գումարներ, որպեսզի մարդն անցնի աշխատանքի, բայց, չանցած 10 օր, նա ազատվում էր աշխատանքից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանն ու խոստովանել, որ զբաղվածության ապահովման ծրագրերը վերջին 6-7 տարիներին էապես շեղվել էին բնականոն հունից: «Արդեն 6-7 ամիս է` որդեգրվել է աշխատանքի նոր մոդել, նոր ծրագրեր են մեկնարկում»: Պետրոսյանը հորդորել է մռայլ կանխատեսումներով չսպասել այս ծրագրերի արդյունքներին ու խոսել իրականացվելիք մասին:
Այս տարվա մարտի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը գերազանցում է 76 հազարը, որից 53 հազարը կանայք են: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանը փոխանցում է Զբաղվածության պետական գործակալության տվյալները: Դրանց համաձայն` աշխատանք փնտրողների թիվը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 19 տոկոսով: Իսկ գործազուրկները մեր երկրում ընդամենը շուրջ 70 հազարն են: Բայց սրանք միայն պաշտոնական տվյալներ են, որոնք գրանցում են միայն նրանց, ովքեր աշխատանք գտնելու հարցով դիմել են Զբաղվածության պետական գործակալություն: Հայաստանում գործազրկությունը տարբեր, այդ թվում միջազգային կազմակերպությունների հաշվարկներով 30-ից ընդհուպ մինչեւ 50 տոկոս է կազմում:
Այս համատեքստում արդյոք չափազանց փոքր թիվ չէ 1399-ը: Այսքան մարդ, ըստ Արա Պետրոսյանի, հունվար-փետրվարին աշխատանքի է տեղավորվել: Եւ այսքան մարդկանցից որքանն է ապահովվել երկարատեւ աշխատանքով:
«Ռադիոլուր»-ի այս հարցերին փոխնախարարը կոնկրետ պատասխան չի տալիս: Թվերը հստակ չեն, ասում է եւ ուղղակի խորհուրդ տալիս սպասել գործազրկության մռայլ ցուցանիշերի մեջ բեկում մտցնելու նպատակ ունեցող իրենց ծրագրերի արդյունքներին:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը, փաստորեն, հորդորում է ընդհանուր հայացքով չնայել իրականացված ու իրականացվելիք ծրագրերին: Եթե անհաջող արդյունքներ են եղել, այդպիսիք չսպասել նաեւ մեկնարկող ծրագրերից: Իսկ նոր ծրագրերից սոցապ փոխնախարարն առանձնացնում է «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագիրը: Սա պետք է մեկնարկի ապրիլի 1-ից, իսկ մինչ այդ Արա Պետրոսյանը փոխանցում է` ում համար եւ ինչ նպատակով է այս ծրագիրը: «Տարվա սկզբին անմրցունակ գյուղացին, ով ունի հողակտոր, բայց հնարավորություն չունի այն մշակել, մնք, որպես պետություն օգնում ենք նրան գյուղատնտեսական տարվա սկզբի այս ծանր շրջանում»:
Սեփական հողը մշակող գյուղացում օրական կվճարվի 4000, իսկ նրա վարձու աշխատողին՝ օրական 2000 դրամ։
Բայց ծրագիրը պայմաններ էլ ունի` սա հողի սեփականության վկայական կամ հողի վարձակալության պայմանագիր ունեցող գյուղացիների համար է, այն գյուղացիների, որոնք անմրցունակ են օրենքով սահմանված 12 կետերի սահմանմամբ, ասենք` հաշմանդամ են, սոցիալապես անապահով են, բարձր տարիք կամ գործազուրկի կարգավիճակ ունեն, փախստական են կամ բնակվում են լեռնային կամ սահմանամերձ գոտիներում կամ արտագնա աշխատանքի մեկնելու կարիք ունեն: Մի շարք այլ չափորոշիչներ էլ կան: Ծրագիրը տեսականորեն լավն է, բայց մի շարք հարցեր են ծագում, որոնք պատասխան են պահանջում:
Եթե ծրագրի մասին հանրապետությունով մեկ գյուղացիները դեռ նոր պետք է լայնորեն իրազեկվեն, ինչպես է պատահում, որ Զբաղվածության տարածքային կենտրոններն արդեն մարդկանց ցուցակներ են կազմել ու ծրագրել իրականացնել կոնկրետ 800 ծրագիր: Եւ ի վերջո, ինչպես է վերահսկվելու, որ պաշտոնատար անձինք իրենց ազգականների անուններով ու հսկա հողատարածքներով չեն մտնի ծրագիր ու վատնեն նախատեսված ռեսուրսները: Վերահսկողության կոնկրետ մեխանիզմեր փոխնախարարը չի ներկայացնում, փոխարենը մեզ հորդորում է լուսավոր ծրագրում մութ կողմեր չփնտրել:
Իսկ մինչ գյուղացիներին աջակցության սեզոնային նոր ծրագրի մեկնարկը` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանը հին խնդիրներից էլ է խոսում: Մասնագետների որակ- աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանություն, մասնավոր – պետական ոլորտներում աշխատավարձերի մեծ տարբերություն, գործազուրկների թվում կանանց գերակշռող մաս, մասնագիտական կողմնորոշման խնդիրներ եւ այսպես շարունակ: Նաեւ` այստեղ պատշաճ ձեւով չգնահատված մասնագետների արտահոսք երկրից: Բայց բոլոր այս հարցերում փոխնախարարը խիստ լավատես է ու խորհուրդ է տալիս առկա իրականությանն էլ իր պես վերաբերվել: