Մշակույթ

Անրի Վեռնոյի օրեր՝ Երեւանում

alisagevorgyan
Ապրիլի 2-5-ը  Երևանում կանցկացվեն  Անրի Վեռնոյի օրեր, որի շրաջնակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Դրանց մասնակցելու նպատակով Հայաստան  են ժամանել  մեծանուն արվեստագետի  որդին՝  Պատրիկ Մալաքյանը և ընտանիքի մյուս անդամները: Վեռնոյի օրերի շրջանակում  Երևանի կամերային պետական թատրոնում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ  այսօր տեղի է ունեցել  Անրի Վեռնոյի «Մայրիկ» վերահրատարակված  գրքի շնորհանդեսը:

 

 

1986 թվականին Փարիզում լույս տեսավ  Անրի Վեռնոյի «Մայրիկ» գիրքը, որը հենց նույն տարում թարգմանվեց 10 լեզուներով  ու տպագրվեց  200 հազար տպաքանակով: Սոֆիկ Ավագյանի թարգմանությամբ գիրքը հայերեն լույս տեսավ  1988 թվականին՝ ԱՄՆ-ում: Անրի Վեռնոյի օրեր միջոցառումների շրջանակում  գիրքը վերահրատարկվել է: Երևանի կամերային պետական թատրոնում տեղի  ունեցած շնորհանդեսին ներկա էր արվեստագետի  որդին՝ Պատրիկ Մալաքյանը:

Պատրիկ Մալաքյանը պատմեց, որ գիրքի գաղափարը ծնվել էր մի հեռուստահաղորդումից հետո, որին հյուրընկալված Անրի Վեռնոյը պատմել էր իր հարազատների մասին, մասնավորապես այն մեծ սիրո մասին, որը տածել էր մոր և երկու մորաքույրների հանդեպ: Հաղորդումից մեկ շաբաթ անց հեռուստաընկերությունից զանագահարում են ու ասում, որ Վեռնոյը նամակների ծանրոց ունի ստանալու, որոնք տեղափոխելու համար բեռնատար կպահանջվի: Նամակների բովանադակությունը գրեթե նույնն էր՝ հաղորդումից հետո զանագահարել են մայրիկին ու ասել, որ  սիրում եմ նրան: «Այդ ժամանակ էլ նա որոշեց գրել «Մայրիկը»»,-պատմում է  Վեռնոյի որդին:

««Մայրիկ» գիրքը, այնուհետև նաև ֆիլմը իմ պարտքն էր մորս հանդեպ: Ես հորս խոստացել էի, որ կպատմեմ մորս մասին: Սա հոգու պարտք էր»,-ասել է Անրի Վեռնոյը:  Ինչպես հայտնի է Վեռնոյի համանուն ֆիլմի պրեմիերան կայացավ 1991 թվականանի նոյեմբերին ՝ Մարսելում: Ֆրանսիական և ամերիկյան կինոյում   մեծ հետք թողած  հայազգի կինոռեժիսորի այս ֆիլմը  մինչ օրս համարվում է  Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված  լավագույն ֆիլմը, որը դարձավ ռեժիսորի «կարապի երգը»:

Հավելենք, որ Անրի Վեռնոյի օրերի շրջանակում ապրիլի 4-ին  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարակից փողոցը  հանդիսավորությամբ կկոչվի  արվեստագետի անունով, այս տարածքում  կբացվի նաև  նրա հուշաքարը: Ավելի ուշ  Համազգային թատրոնի դահլիճում տեղի կունենա  Անրի Վեռնոյին նվիրված հուշ-երեկո: Ապրիլի 5-ին նույն դահլիճում կցուցադրվեն ռեժիսորի մի քանի ֆիլմերը:

Back to top button